Analitik.am-ը գրում է.

Analitik.am-ի ձեռքի տակ է հայտնվել տեղեկանք, որտեղից տեղեկանում ենք, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպություններից որոնք են առաջարկվել  լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Այսպես՝ առաջարկել են լուծարել.

«Սոս Սարգսյանի անվան համազգային պետական  թատրոն»  ՊՈԱԿ-ը: Լուծարման  հիմք նշված է այն, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:

«Հայաստանի երգի պետական  թատրոն»  ՊՈԱԿ-ը՝ բավականին հետաքրքիր հիմնավորում է տրված ԵՊԹ-ի լուծարման  հետ կապված՝ նշված է, որ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները թերի են իրականացվում: ՊՈԱԿ-ը վաղուց վերածվել է շահութաբեր բիզնես կազմակերպության և այլևս պետական հովանավորության կարիք չունի։ Առաջարկվում է ՊՈԱԿ-ի պահպանման համար նախատեսված գումարներն ուղղել երգարվեստի ժանրի ծրագրերի իրականացմանը, իսկ ՊՈԱԿ-ին ամրագրված տարածքը տրամադրել Հայաստանի էստրադային ջազ նվագախմբին:

«Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ՝ լուծարման հիմք նշվում է՝ իրականացվող գործառույթները համընկնում են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գործառույթների հետ, հետևաբար առաջարկվում է ներառել վերջինիս կազմում:

 «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ կինոստուդիա»  ՊՈԱԿ , որը նույնպես գտել են, որ իրականացվող գործառույթները համընկնում են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների հետ, ուստի պետք է վերակազմավորել և ներառել նոր ստեղծվելիք ՊՈԱԿ-ի կամ հիմնադրամի կազմում:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ. Բավականին հետաքրքիր է նաև այն հիմնավորումը, որը տրված է այս ՊՈԱԿ-ի լուծարման դեպքում՝ իրականացնում է  գիշերօթիկ, հատուկ դպրոցներում և մանկատներում հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների գեղագիտական ուսուցման կազմակերպումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորման գործառույթները: Գործունեությունն ուղղված է անհատի մասնագիտական կրթությանը, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարմանը, երեխաների համար գեղագիտական կրթական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև արտադպրոցական դաստիարակության կազմակերպմանը: Նշված է, որ գործառույթները թերի են իրականացվում, առաջարկվում է տվյալ ուղղության ծրագրերի իրականացման գործառույթները փոխանցել նոր կազմավորվող պետական հիմնադրամին կամ գործունեությունը շարունակել ծրագրերի ձևով։

«Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ն առաջարկվում է լուծարել՝ մասնավոր կարգավիճակի անցնելու նպատակով:

«Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի դեպքում առաջարկվում է միավորել Պարոնյանի թատրոնին  կամ լուծարել՝ պետական կարգավիճակից մասնավորի անցնելու նպատակով:

«Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ-ն առաջարկում են  վերակազմավորել որպես Հովհ. Թումանյանի անվան պետական  տիկնիկային թատրոնի մասնաճյուղ կամ նույնիսկ բաժին:

«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես վերակազմավորվելու է և առաջարկվում է օպտիմալացնել, որից հետո միացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին:

«Կոմիտասի անվան ազգային քառյակ»  ՊՈԱԿ-ը առաջարկել են միավորել Կամերային երաժշտության ազգային կենտրոնին: Նշենք, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ»  ՊՈԱԿ-ը գործում է «ազգային» հատուկ կարգավիճակով:

Բավականին տարօրինակ է «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի հետ նշված առաջարկությունը, որի համաձայն պետք է վերափոխվի ՊՈԱԿ-ի գործառույթները՝ որպես հիմնավորում նշված է այն, որ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները թերի են իրականացվում, ուստի առաջարկվում է վերակազմակերպել որպես «համերգային կենտրոն» ՊՈԱԿ, որի կազմում այժմ իսկ կգործի «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը», իսկ մոտ ապագայում կարելի է նաև ներառել «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը, որի մասով էլ նշված է, որ ՊՈԱԿ-ի գործառույթները կրկնվում են պարարվեստի  և երաժշտարվեստի համերգային ծրագրեր իրականացնող այլ պետական կազմակերպությունների հետ:

Վերակազմավորելու առաջարկություն է արված նաև «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն պետական համույթ» ՊՈԱԿ-ի և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի մասով:

Առաջարկվում է վերակազմակերպել  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և միացնել այն  «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ստեղծել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» մասնաճյուղ և միացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:

«Փայտարվեստի թանգարան» ՊՈԱԿ-ն էլ առաջարկվում է միացնել «Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ին:

«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ն էլ առաջարկում են միացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին:

Բավականին տարօրինակ բացատրություն է տրված  «Ալեքսանդր «Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ դարձնելու առաջարկությանը.

Նշվում է, որ թանգարանի նպատակն է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը, ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը, հաշվառումն ու հանրահռչակումը: Թանգարանի հավաքածուն ներառում է 1345 թանգարանային առարկա: Միաժամանակ կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը նվիրված հարուստ հավաքածու ունի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Հաշվի առնելով հավաքածուի ուղղվածությունը և գործառութային կրկնությունը՝ նպատակահարմար ենք գտնում վերակազմակերպման միջոցով  այն միացնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին՝ որպես մասնաճյուղ:

Հաշվի առնելով այն փաստը, որ մշակութային ոլորտում բավականին մասնագիտական հարցեր կան, որոնցով պետք է զբաղվեն կոնկրետ մասնագետներն ու փորձագետները՝ տալով համապատասխան վերլուծություններ և կարծիքներ վերոնշյալ գործողությունների նպատակահարմարության մասով, Analitik.am-ը պատրաստ է տրամադրել տեղեկանքն անբողջությամբ շահագրգիռ անձանց և կազմակերպություններին՝ ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման և վերակազմակերպման հետ կապված մասնագիտական կարծիքներ հայտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել