Կայացավ երգչուհի Իվետա Մուկուչյանի եռագրության առաջին մասի պրեմիերան, որը կրում է «Մարգո» խորագիրը։ Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Երաժշտական կոմպոզիտորն Իվետա Մուկուչյանն է եւ Բրեդ Քլերլին, գործիքավորումն իրականացրել է Պաբլո Մատեոն (Բեռլին), երաժշտական ձեւավորումն ու համագործիքավորումը` Դեիմոս Վիրգիլիտոյի, միքս եւ մասթերինգն իրականացրել է Լեւոն Նավասարդյանը, հագուստների ձեւավորումը` Մարիաննա եւ Իվետա Մուկուչյանները, դիմահարդարումը եւ վարսահարդարումը` Մարիաննա Մուկուչյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է, պրոդյուսերներ` Ֆիլիպ Քաշմարեկ, Բրեդ Քլերլի եւ Իվետա Մուկուչյան։ Ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։

Եռագրությունը ներկայացնում է Իվետա Մուկուչյանի անձնական պատմություններից հատվածներ, զգացողություններ, որոնք երգչուհու համար կարեւոր են այնքան, որ վերջինս ցանկություն է ունեցել ներկայացնելու նաեւ հանրության լայն շերտերին, իր երկրպագուներին։ «Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձեւավորվող մարդու մասին, ով թեեւ պարբերաբար մութ տեղեր է ընկել, դժվարությունների միջով ստիպված եղել անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- նշում է երգչուհին։


Եռագրության առաջին հատվածը վերնագրված եւ նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։ Թեեւ նրանք հանդիպելու եւ շփվելու հնարավորություն չեն ունեցել, այնպիսի աննկարագրելի կապ է ստեղծվել իր եւ Իվետայի միջեւ, որ բառերով դժվար է բնութագրել։ «Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»։

Իվետա Մուկուչյանի խոսքով` նա այս նախագծով ամենեւին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով։ «Սա, ավելի ճիշտ կլինի ասել, իմ` արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ՝ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»։

Երգում միքսված է նաեւ փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգը․ «Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն կարծես կատարսիս լիներ, մաքրագործում»։
Եռագրության երկրորդ եւ երրորդ հատվածները կներկայացվեն առաջիկայում եւ կապահովեն թեմայի ակտիվ զարգացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել