Politik.am-ը գրում է.

Սեպտեմբերի տասին մեծ աղմուկ բարձրացրեց, այն հանգամանքը, որ վարչապետի օգնական էր նշանակվել մասնագիտությամբ վարսավիր Սոֆյա Նավասարդյանը: Չնայած կառավարության ներկայացուցիչների ջանքերին, այնուամենայնիվ հասարակության մեծամասնությունը քննադատեց վարսավիրի՝ վարչապետի օգնական նշանակման հանգամանքը, քանի որ վարչապետի օգնականները չունեն օրենքով սահմանված գործառույթ, որով կարող են վարսավիրի ծառայություն մատուցել վարչապետին և նրա ընտանիքի անդամներին:

Այս աղմուկից հետո վարչապետի պաշտոնական primeminister.am կայքում չտեղադրվեցին Սոֆյա Նավասարդյանի մասին տեղեկատվություն՝ վարչապետի օգնականներ բաժնում: Այս մասով վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Politik.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ դա տեխնիկական խնդրի պատճառով է ու առաջիկայում կտեղադրվի նրա մասին անհրաժեշտ տեղեկատվություն: Բայց հետաքրքիր է, որ Սոֆյա Նավասարդյանի նշանակման հրամանը նույնպես հեռացված է կառավարության պաշտոնական կայքից:

Չնայած այն հանգամանքին, որ կառավարության պաշտոնական աղբյուրներից անհետացել են Սոֆյա Նավասարդյանի նշանակման և գործունեության մասին տեղեկությունները՝ նա շարունակում է իր գործունեությունը, որն այդպես էլ անհասկանալի է:

Սոֆյա Նավասարդյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու սեպտեմբերի 19-21-ը կայանալիք Կանանց եվրասիական ֆորումին: Եթե հենվենք վարչապաետի մամուլի խոսնակի նախկինում արած հայտարարություններին, ապա Սոֆյա Նավասարդյանի գործառույթը վարչապետին և նրա տիկնոջը արտաքին տեսքին վերաբերվող հարցերով զբաղվելն է: Արման Եղոյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում մասնավորապես ասել էր. «Սոֆյա Նավասարդյանը վարչապետի և առաջին տիկնոջ ոչ միայն ոճաբանն է, այլև արարողակարգային հարցերով զբաղվող մասնագետներից մեկը: Սոֆյա Նավասարդյանը շարունակելու է անել նույն աշխատանքը, քանի որ արարողակարգի մի մասը  վարչապետի և առաջին տիկնոջ արտաքին տեսքն է»:

Այս դեպքում անհասկանալի է, թե ի՞նչ է անում Սոֆյա Նավասարդյանը Կանանց եվրասիական ֆորումի նիստերի դահլիճում՝ միթե՞ նա անգամ նիստերի ժամանակ է արտաքին տեսքին վերաբերվող խորհուրդներ տալիս վարչապետի տիկնոջը կամ գուցե նա այլ կարգավիճակով է այդտեղ՝ դժվար է պատկերացնել, որ միջազգային մակարդակի նման ֆորումում թույլ տան նիստերին մասնակցել պետություններից որևէ մեկի պատվիրակության արարողակարգային մասնագետի:

Հ.Գ. Լավ կլինի,որ կառավարությունը պաշտոնապես մեկնաբանի, թե տեխնիկական գործառույթ իրականացնող Սոֆյա Նավասարդյանը ինչպե՞ս և ի՞նչ կարգավիճակով է մասնակցում միջազգային այս ֆորումին: Եթե նա չունի հատուկ գործառույթ, ապա կարելի է սպասել, որ մի օր էլ ՄԱԿ-ի Գլխավոր Սամբլեայի տարեկան նիստին կարող է մասնակցել վարչապետ Փաշինյանի վարորդը՝ հետաքրքրասիրությունից դրդրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել