Aysor.am-ը գրում է.

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոքարկել կալանքի փոփոխության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանն իրենց բողոքում նշված առնվազն երկու «կարևոր դրույթներին» չի անդրադարձել և որոշումը կայացրել է՝ հիմնվելով միայն անձեռնմխելիության իրավունքի խախտման վրա։

«Վերաքննիչ դատարանը մեր մի շարք փաստարկներից միայն մեկ փաստարկն է հիմք ընդունել՝ անձեռնմխելիությունը։ Բայց մենք ունեինք առնվազն երկու փաստարկ, որը ոչ մի բանով ավելի թույլ չէր, քան՝ անձեռնմխելիության հետ կապված փաստարկը։ Մենք գտնում ենք, որ այն երկու փաստարկները անպայման պետք է գնահատականներ ստանան դատարանի կողմից, անպայման պետք է հիմք հանդիսանային ազատ արձակելու համար։ Մենք հիմա պետք է բողոքարկենք Վճռաբեկ դատարան և պահանջենք, որ մինիմում երկու փաստարկներին անդրադարձ կատարվի», - մեզ հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը՝ չմանրամասնելով ներկայացվելիք բողոքի էությունը։

Փաստաբանն ասաց, որ մոտակա օրերին կստանան Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, կքննարկեն և հետո միայն կդիմեն Վճռաբեկ դատարան։

«Մենք ուզում ենք տեսնել, թե ինչու մեր բողոքում նշված կարևոր դրույթներին անդրադարձ չի կատարվել ու անպայման դիմել Վճռաբեկ դատարան։ Այնպես չէ, որ մենք էլ ցնծության մեջ ենք Վերաքննիչ դատարանի որոշումից, մենք էլ մեր կողմից դժգոհություն ունենք», - ասաց փաստաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել