ք. Երևան, 10 հուլիսի, 2017թ.
Օրերս Կարասը մեկնարկել է հայ արտադրողների աջակցման մեծածավալ ծրագիր, որի նպատակն է հորդորել ՀՀ բնակիչներին գնել հենց հայկական ծագում ունեցող ապրանքներ: Այս կապակցությամբ ներկայացնում ենք ցանցի տնօրինության ուղերձը հանրությանը.
«Օրեցօր հայ արտադրողների թիվը շատանում է տարբեր ոլորտներում, սակայն հայկական ապրանքների ուղղությամբ պահաջարկի ավելացման միտումներն աննկատելի են: Մենք կարծում ենք, որ տեղական արտադրանքը շատ դեպքերում թերագնահատվում է կամ անտեսվում, ձեռնարկությունները և գործարանները մեծ կորուստներ են կրում, որոշները՝ նույնիսկ փակվում: Հետևաբար, մարդիկ կորցնում են իրենց աշխատատեղերը, ինչն էլ հանդիսանում է արտագաղթի պատճառներից մեկը:

Այս հարցին ուշադրություն է պետք դարձնել ոչ միայն սպառողներին, այլև առևտրային ցանցերի և խանութների ղեկավարներին, քանի որ շատ դեպքերում հայաստանյան շուկայում արտադրվող ապրանքները մրցունակ են գնի և որակի հարաբերակցության մեջ: Ճիշտ կլիներ հատուկ առանձնացնել հայկական արտադրանքը խանութներում, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքները՝ հեշտացնելով ընտրությունը՝ հօգուտ տեղականի: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ այսօր շատերն են փորձում աջակցել հայ արտադրողներին, սակայն վերջիններս հանրության էլ ավելի մեծ ուշադրության կարիքն ունեն:

Հենց այս պատճառով էլ «Կարասի» թիմով որոշում ընդունեցինք կազմակերպել այս նախաձեռնությունը և հանրության ուշադրությունը սևեռել այս կարևոր խնդրին:

Բացի այդ՝ մենք կարծում ենք, որ խնդրի պատճառներից մեկը նաև այն է, որ հանրության մեծ մասը բավականաչափ լավ չի ճանաչում հայ արտադրողներին և նրանց ստեղծած ապրանքները, քանի որ, ի տարբերություն արտասահմանյան ընկերությունների, տեղական արտադրողները մեծ բյուջեներ չունեն խթանման արշավների կազմակերպման համար: Այս պատճառով ծրագրի շրջանակներում մեր ցանցի թիմն այցելել է տասնյակից ավելի հայկական ձեռնարկություններ, գործարաններ և գյուղատնտեսական միավորումներ՝ մոտիկից ծանոթանալով նրանց գործունեությանը:

Այցելությունների հիման վրա եկող երկու ամիսների ընթացքում ցանցն իր օնլայն գովազդային հարթակներում հանրությանը ծանոթացնելու է մի շարք տեղական արտադրողների և իրենց ստեղծած ապրանքների հետ: Եվ եթե կան տեղական արտադրողներ, ովքեր նույնպես կցանկանան, որ մենք պատմենք իրենց մասին, ապա կարող են ուղարկել իրենց նկարները [email protected] էլ.հասցեին:

Այս արշավի ընթացքում, մենք կոչ ենք անում նաև մնացած գործարարներին բարձրաձայնել այս խնդրի մասին իրենց սոցցանցերում և պատմել հայ արտադրողների մասին:



