kemeronAraratnews.am-ը գրում է.

Թուրքիան խիստ վիրավորվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարությունից այն մասին, որ այդ երկիրը 3000 թվականից ոչ շուտ չի կարող անդամակցել Եվրամիությանը:

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Քեմերոնի այդ հայտարարությանն արած արձագանքում Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ասել է. «Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կշարունակվի մինչեւ 3000 թվական, ապա դա ամոթալի է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր նրանց համար, ովքեր նման մտքեր են բարձրաձայնում»:

Թուրք պաշտոնյան ասել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներին նախ պետք է հարցնել, թե ինչ է լինելու ԵՄ-ի հետ 30 տարի հետո: Նա նաեւ հավելել է, որ «Թուրքիան ամենեւին էլ ԵՄ-ից կախված չէ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մայիսի 22-ին հայտարարել էր, որ բանակցությունների նման դանդաղ տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի ոչ վաղ, քան 3000 թվականին:

Նա քննադատել էր իր երկրի զինված ուժերի նախարար, Բրիտանիայի` ԵՄ-ից դուրս գալու կողմնակից Փենի Մորդանթին, որը պնդել էր, որ Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի առաջիկա 8 տարում:

Վարչապետ Դեւիդ Քեմերոնը հիշեցրել էր, որ Բրիտանիան, ինչպես Եվրոպական միության մյուս բոլոր անդամ երկրները, իրավունք ունի վետո կիրառել ԵՄ-ին նոր պետությունների միանալու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել