Pastinfo.am-ը գրում է.

«Ոչ թալանին» նախաձեռնությունը, ինչպես և բոլորս, շարունակում ենք պայքարը էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ»,- Ազատության հրապարակում հայտարարեց Վաղինակ Շուշանյանը` հավելելով, որ փոխվել է միայն պայքարի հարթակը, բայց չբացառելով, որ իրենք կարող են հետ գնալ Բաղրամյան պողոտա:

Շուշանյանը անդրադարձավ իշխանության առաջարկին` մասնակցել աուդիտին, նշելով, որ վերջնական որոշում դեռ չեն կայացրել, քանի որ չգիտեն` ճիշտ է մասնակցելը, թե` ոչ: «Թե մեզ ներքաշում են այս ամեն ինչի մեջ` դեմոկրատիա ցույց տալով»,- հայտարարեց նա:

Այսպիսով, «Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում մասնագետ տնտեսագետներին, իրավաբաններին, գիտակ քաղաքացիներին մասնակցել իրենց քննարկումներին և խորհուրդներով օգնել իրենց:

Միաժամանակ նա նշեց, որ չեն թուլացնելու փողոցային պայքարը:

Անդրադառնալով տեսակետին, թե իրենք լքել են հարթակը, Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ պայքարից չեն հրաժարվել, պարզապես այս պահին իրենք չեն Բաղրամյանում համակարգողը:

«Եթե իրավական, տնտեսագիտական վերլուծություններից հետո իրավական, դատական համակարգերում, թե Սահմանադրական դատարանում կլինի, մեր հարցը չլուծվեց, մենք վերադառնում ենք Բաղրամյան փողոց, ու ոչ թե մի կողմից կարող է փակվել Բաղրամյան փողոցը, այլ արդեն բոլոր կողմերից, որ նույնիսկ իրենց ելումուտի հնարավորություն չունենան»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել