Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարության կողմից Ազգային ժողով ուղարկվելիք նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առնվազն սահմանափակել հասարակական վայրերում՝ սրճարաններում, ռեստորաններում և այլուր ծխախոտի օգտագործումը, նպատակ ունի զրոյացնել ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությունը: Այսինքն՝ ակտիվ ծխողների ծխելու հետևանքները այն մարդկանց վրա, որոնք դառնում են պասիվ ծխողներ:

 Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ծխելու դեմ պայքարի» ծրագրի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը:

 «Այդ գործընթացը կանոնակարգվելու է ռեստորաններում, բարերում, հյուրանոցներում, զվարճանքի վայրերում և այլն, քանի որ այս պահի դրությամբ օրենքը չի արգելում ծխախոտի օգտագործումը նշածս վայրերում: Բայց մեր կողմից նախապատրաստվող տարբերակում մենք ուզում ենք շատ խիստ սահմանափակումներ մտցնել և կանոնակարգել այդ գործընթացը»,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը՝ ավելացնելով, որ դեռ օրենքի նախագիծը մշակման փուլում է և այս պահին դժվար է ասել, թե ուսումնասիրվող միջազգային որ փորձն է ավելի կիրառելի Հայաստանի համար:

 Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Իռլանդիայում, որտեղ ծխախոտի օգտագործումն արգելված է ամբողջությամբ՝ անկախ նրանից, թե կա՞ն, համապատասխանու՞մ են օդափոխության համակարգերի պահանջները: Իսկ մի շարք երկրներում, ինչպես օրինակ՝ Իտալիայում կան սահմանափակումներ: Այսինքն՝ ռեստորաններում ու սրճարաններում արգելված է ծխելը, բացառությամբ այդ նպատակի համար առանձնացված սրահների, որոնք համապատասխանում են օդափոխության հատուկ պահանջներին:

 Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ ծխախոտի շուրջ միջազգային պահանջներն այսօր արդեն գործում են ոչ միայն եվրոպական երկրներում ու ԱՄՆ-ում, այլև նախկին խորհրդային մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում, Ուկրաինայում:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել