Ռումինիայում բնակվող լուսանկարիչ Դեն Կրետուն մրգերից և բանջարեղենից զանազան առարկաներ է ստեղծում, այդ թվում՝ ֆոտոխցիկներ, հեծանիվներ, լուցկու տուփեր, գնդակներ և այլն: Կրետուն լուսանկարում է իր ստեղծած քանդակները և լուսանկարների զվարճալի շարքեր կազմում: Նա ասում է, որ համակարգչային ծրագրերի օգնությամբ երբեք փոփոխությունների չի ենթարկում այդ լուսանկարները: Նա ցանկանում է, որ դրանք առավելագույնս բնական լինեն: Նրա աշխատանքը բազմաթիվ դժվար կողմեր ունի: Այսպես, օրինակ, նա չի կարող մի օր պատրաստել քանդակը, իսկ հաջորդ օրը լուսանկարել այն: Բանն այն է, որ Կրետուն իր քանդակները ստեղծում է թարմ մթերքից, ինչի պատճառով էլ դրանք շուտ են փչանում, ուստի նա իր յուրաքանչյուր ստեղծագործությունը պետք է լուսանկարի հենց նույն օրը: Վերջերս նա իր որոշ ստեղծագործությունների լուսանկարները տեղադրել է Etsy shop-ում:















