1in.am-ը գրում է.

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը նախօրեին հայտարարել է, որ չեն կիսում Յանուկովիչի հրաժարականի պահանջը, և Յանուկովիչը պետք է առաջնորդի Ուկրաինան դեպի ապագա: Միևնույն ժամանակ դեսպանը նաև հայտարարել է, որ իրենք գիտակցում են իրավիճակի համար Յանուկովիչի պատասխանատվությունը: 

Այս հայտարարությունները վկայում են մի բանի մասին՝ Արևմուտքը չունի ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ամբողջական հայեցակարգ, և այնտեղ իրադարձությունները զարգանում են նաև Արևմուտքի համար անհասկանալի և անսպասելի սցենարով: Մարդասպանի հետ կապել Ուկրաինայի ապագան, իհարկե՝ լիովին կարող է տեղավորվել քաղաքականության երկակի ստանդարտներ հասկացության ծիրում: Սակայն իրավիճակն, անշուշտ, առավել բարդ է, քան նման պարզունակ գնահատականներն ու պատկերացումները: Խնդիրը ավելի լայն է ու խորքային: Եվ վերաբերում է ոչ միայն Ուկրաինային: 

Եթե Ուկրաինայի պես առանցքային կետի հարցում չկան ամբողջական հայեցակարգեր, և կարող են լինել, այսպես ասած, անսպասելի զարգացումներ, որոնց հանդեպ չկա մշակված և պատրաստված դիրքորոշում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վիճակ է այլ՝ մասնավորապես, օրինակ, Հայաստանի հարցերում: 

Այստեղ խնդիրը ամենևին Արևմուտքի հասցեին մեղադրանքները չեն: Մեղադրանքներն էլ ինչքան արդարացի, նույնքան և պարզունակ կարող են հնչել: Միևնույն է՝ այդ մեղադրանքները ոչինչ չեն փոխելու, թեև դա չի նշանակում, որ պետք է դրանք չլինեն: 

Բանն այն է, որ Արևմուտքի՝ նման անորոշ արձագանքներն ու վերաբերմունքը ոչ միայն չեն օգնում հետխորհրդային ազատագրական մեծ կամ շատ փոքր շարժումներին կամ շարժման պոտենցիալին, այլև նույնիսկ խանգարում են: Ընդհանրապես ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ չիմանալով ինչ անել՝ Արևմուտքը գերադասում է անել բաներ, որոնք է՛լ ավելի կմեծացնեն Ռուսաստանի ազդեցությունը և հետևաբար՝ է՛լ ավելի մեծ բեռի ու պատասխանատվության տակ կդնեն Ռուսաստանին: Ի վերջո՝ ռուսները ի վիճակի չեն որևէ հարցում ազդեցություն մեծացնել՝ առանց բռնության: Դա նրանց մոտ արդեն բնազդի պես մի բան է դարձել, այլ բանի ընդունակ չեն, այլ տեխնոլոգիաների չեն տիրապետում՝ բռնություն և ինֆորմացիոն կոպիտ, կացնային մանիպուլյացիաներ, որոնք է՛լ ավելի մեծ հակազդեցություն են առաջացնում թիրախ հանդիսացող ժողովուրդների շրջանում: 

Սակայն արդյոք անհանդուրժողականության մեծացումը՝ հակազդեցության էֆեկտի շնորհիվ, կարո՞ղ է դիտվել որպես որևէ հարցի լուծում: Հազիվ թե: Եվ ուրեմն արևմտյան քաղաքականության անորոշությունը ըստ էության ազատագրման համար պայքարող ժողովուրդների համար դարձել է ռուսական որոշակի բռնատեխնոլոգիաների անդրադարձիչ՝ ըստ էության կրկնապատկելով բռնության ուժգնությունը այդ անդրադարձի շնորհիվ: 

Եվ այս մասին Արևմուտքում մտածելու լուրջ կարիք ունեն՝ թեկուզ հենց իրենց իսկ շահերից ելնելով, որովհետև հակազդեցության «էֆեկտը» ժողովուրդների մոտ տարածվում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Արևմուտքի հանդեպ: 

Մյուս կողմից՝ ԱՄՆ դիրքորոշման մեջ հստակ է նաև մեսիջը Յանուկովիչին, որ փախչել թույլ չեն տա, և նա պետք է մինչև վերջ կրի իրավիճակի համար իր պատասխանատվությունը: Թե ինչպիսին կլինի այդ պատասխանատվությունը՝ թողնում են քննարկման տեղ: 

Պատահական չէ, որ դեսպանն արտահայտվել է այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Յանուկովիչը Պուտինից ապաստարանի հնարավորություն է խնդրում՝ անհրաժեշտության դեպքում փախչելու համար: Մինչդեռ Յանուկովիչը չափազանց մեծ «իրարանցում» է առաջացրել՝ նրան հենց այնպես փախչելու հնարավորություն տալու համար: 

Այլ կերպ ասած՝ ամերիկյան կողմը, ըստ ամենայնի, դիվանագիտական լեզվով հասկացնում է մարդասպանին, որ փախուստի տարբերակը այնքան էլ հեշտ չի տրվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել