Panorama.am-ը գրում է.
Թուրքիան դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ բողոքարկելով Իրանից ներմուծվող գազի թանկ գինը: Չնայած այն հանգամանքին, որ 2012թ. մարտից մինչ օրս խնդիրը վերջնական լուծում չի ստացել՝ այդուհանդերձ, ներկայում լուրեր են շրջանառվում առ այն, որ Իրանը ցանկանում է մեծացնել Թուրքիա արտահանվող գազի ծավալները, որը հետագայում հնարավորություն կտա այդ երկրին հենց Թուրքիայի տարածքով գազ արտահանել Եվրոպա: Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով Panorama.am-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Իսկապե՞ս Իրանը դիտարկում է Թուրքիան որպես իրանական էներգակիրներն ապագայում Եվրոպա առաքող երկիր:
- Իրականում կան շրջանառվող տեսակետներ, ըստ որոնց՝ Իրանը դիտարկում է Թուրքիան իրանական էներգակիրները, մասնավորապես՝ գազը, Եվրոպա փոխադրող հիմնական տարանցիկ երկրի դերում, որի իրատեսականությունը, գոնե ինձ համար, խիստ կասկածելի է: Եթե նույնիսկ ինչ-ինչ հանգամանքների բերումով հնարավորություն տրվի Թուրքիային Իրանը և Եվրոպան տնտեսապես միմյանց կապող երկրի կարգավիճակ ձեռք բերել, ապա դա դեռ չի նշանակում, որ Թեհրանը դրանով սահմանափակվելու է և չի փորձելու այլընտրանքային տարբերակներ ևս աշխատեցնել՝ զրկելով Թուրքիային մենաշնորհային առավելություններից: Էներգետիկ քաղաքականությունն Իրանի համար աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող կարևորագույն խաղաքարտ է, ուստի անտրամաբանական է մտածել, որ այդ ոլորտում Թեհրանը բացառիկ իրավունքներ կընձեռի իր ավանդական տարածաշրջանային մրցակցին: Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ իրանական իշխանություններն առ այժմ չեն շտապում իջեցնել Թուրքիայի ներքին սպառման համար Իրանից ներմուծվող 1000մ3 գազի դիմաց սահմանված 490 դոլար սակագինը, որը բավական ցավոտ խնդիր է Թուրքիայի համար՝ հաշվի առնելով այդ երկրում գազի նկատմամբ զգալի պահանջարկը: Դա, իր հերթին, նշանակում է, որ չնայած այն հանգամանքին, որ երբեմն բարձրաձայնվում են Իրանի և Թուրքիայի միջև հնարավոր հեռանկարային ռազմավարական համագործակցության վերաբերյալ հավակնոտ հայտարարություններ, սակայն գործնականում ականատես ենք այն իրողությանը, որ այդ երկրների միջև դժվարլուծելի են նույնիսկ սոսկ երկկողմ հարաբերություններին վերաբերող առանձին խնդիրներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



