1in.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին պետք է ազատ արձակեն մոտակա ժամանակներս. նման դիրքորոշում է հայտնել նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն` հաղորդում է RBK-ն: Նա հիշեցրել է, որ Գերագույն ռադան կողմ է քվեարկել Քրեական օրենսգրքի 364, 365 հոդվածների ապաքրեականացմանը, որոնցով դատապարտվել էր Տիմոշենկոն:
«Միևնույն ժամանակ ուշադրություն դարձրեք, որ հոդվածը չեղյալ չի հայտարարվել, այլ փոփոխվել է: Այն գործերը, որոնց համար անօրինական կերպով դատապարտվել է Յուլյա Տիմոշենկոն, դադարել են լինել քրեականորեն պատժելի, և համապատասխանաբար մոտակա ժամանակներս` այդ օրենքի ստորագրումից հետո, նրան պարտավոր են ազատ արձակել: Այսօրվա դրությամբ նախագահն օրինական հիմքեր չունի օրենքը չստորագրելու համար»,- ասել է նա:
Վլասենկոն նշել է, որ սահմանադրության համաձայն` երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իրավունք ունի 15 օրվա ընթացքում ստորագրել օրենքը կամ կիրառել վետո:
«Նա դա կարող է անել մեկ ժամում կամ ձգել մինչև 15 օր: Դրանից հետո հաջորդ օրը հայց կներկայացվի Պեչեսկիի շրջանային դատարան, նրանք պարտավոր են դատալսում նշանակել և որքան հնարավոր է շուտ քննել»,- հավելել է նա:



