
Դոլորես Քենոնը ռեգրեսիվ հիպնոթերապիայի (հիպնոզով բուժման մեթոդ) ոլորտում մոտ 40 տարվա փորձ ունի, որի շնորհիվ նա տիեզերական կյանքի մասին զգալի տեղեկատվություն է ձեռք բերել: Դոլորես Քենոնը իր կարիերայի ընթացքում հազարավոր հաճախորդներ է ունեցել, որոնց հետ անցկացրել է ռեգրեսիվ հիպնոթերապիայի սեանսներ: Նա այս թեմայով մոտ 17 գիրք է հրապարակել: Նրան կարելի է համարել ոլորտի ամենապահանջված մասնագետներից մեկը: Իր բազմաթիվ գրքերում նա անդրադառնում է մի շարք թեմաների, այդ թվում՝ նախկին կյանքին, այլմոլորակայիններին, էներգետիկ բուժմանը, պատմական հայտնի կերպարներին, առևանգումներին: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել:
Նրա վերջին գրքերից մեկը՝ «Կամավորների երեք ալիքը և Նոր Երկիրը», ռեգրեսիվ հիպնոթերապիայի սեանսների մասին է: Դրանում պատմվում է Երկիր մոլորակի ներկայիս հարացույցի փոփոխության մասին: Սեանսների ընթացքում Դոլորեսը հիպնոզի է ենթարկում իր հաճախորդներին՝ նրանց գցելով խոր տրանսային վիճակի մեջ: The Edge-ին տված հարցազրույցում Դոլորեսը մանրամասնել է իր մեթոդի առանձնահատկությունները.
- Ես տարիների ընթացքում իմ սեփական մեթոդն եմ մշակել: Այն նման չէ հիպնոսի որևէ այլ մեթոդի: Մենք կարող ենք կապ հաստատել այն բանի հետ, որը ես անվանում եմ գերագույն ուժ: Այն բոլոր գիտելիքների աղբյուրն է: Ես գտել եմ այն եղանակը, որով կարողանում եմ ստիպել, որ այդ ուժը գա ցանկացած մարդու վրա, որի հետ ես աշխատում եմ, իսկ ես աշխատել եմ հազարավոր մարդկանց հետ:
Նրա մեթոդի արդյունքները պարզապես ապշեցուցիչ են: Տարիների ընթացքում Դոլորեսը սկսեց կորելացիա նկատել իր տարբեր հաճախորդների սեանսների միջև: Այդ կորելացիան կամրջում է այն հոգիների ճանապարհորդությունը, որոնք ներկայումս բնակվում են մեր մոլորակի վրա:
- Իբրև թերապևտ և հոգեբույժ՝ ես հանդիպում եմ հազարավոր հաճախորդների, և ես սկսում եմ ընդհանուր գիծ տեսնել բազմաթիվ դեպքերի միջև:
Գործունեությանս վաղ շրջանում բոլորը վերադառնում էին նախկին կյանք, և ես մեզ մտահոգող հարցերի որոշ պատասխաններն այնտեղ էի գտնում, իսկ հետո ես ուսումնասիրում էի ստացածս ողջ գիտելիքի աղբյուրը՝ նրանց բոլոր հարցերին պատասխանելու և նրանց ամոքելու համար: Վերջին հինգ տարիներին ես սկսեցի հանդիպել այնպիսի հաճախորդների, որոնք չէին վերադառնում երկրի վրա անցկացրած իրենց նախորդ կյանք: Ես հայտնաբերեցի, որ նախկինում նրանք երբեք չէին եղել երկրի վրա և այստեղ էին եկել ուղիղ Աստծո մոտից, այլ մոլորակներից, որտեղ նրանք հոգևոր էակներ էին: Սա այն ընդհանուր գիծն է, որը ես հայտնաբերել եմ: Հենց այստեղ էլ ես հղացա կամավորների երեք ալիքի տեսությունը:
Դոլորեսի տեսությունից հետևում է, որ մի շարք հոգիներ մեր մոլորակ են ուղևորվում այլ մոլորակներից ու այլ հորիզոններից՝ այս ժամանակաշրջանում Երկրին օգնելու համար: Այս հոգիներից շատերը, որոնք ավելի ուժեղ վիբրացիա ունեն, քան Երկրի մշտական բնակիչների հոգիները, Երկիր մոլորակի վրա առաջին անգամ են ապրում: Դոլորեսը հաստատում է, որ այն հոգիները, որոնք մի քանի կյանք են անցկացրել Երկրի վրա և վերաբնակվել են այստեղ, «լռված են» կարմայի օղակում և կրկնում են միևնույն տիպի սխալները, ինչն էլ ի վերջո հանգեցնում է մոլորակի կործանմանը: Այսպիսով, ավելի անաղարտ հոգիներ են կանչվել Երկիր՝ մոլորակի վիբրացիան մաքրելու ու բարձրացնելու համար: Սակայն ներկայումս գտնվելով մարմնի մեջ՝ այդ հոգիները չեն հիշում, թե ինչու են եկել:
- Հենց որ նրանք գալիս են Երկիր մոլորակ, նրանց մոտ ամնեզիա է սկսվում, ինչի հետևանքով նրանք մոռանում են, թե ինչու են այստեղ: Սակայն նրանք էներգիա ունեն, որը պետք է ճառագեն: Դա սիրով լեցուն էներգիա է, որը կփոխի Երկրի վրա գերիշխող մտածելակերպը: Նրանց այստեղ գտնվելու հանգամանքը կփոխի ողջ պատմությունը:
Իր հաճախորդների ճանապարհորդությունների ողջ ընթացքում Դոլորեսը հայտնաբերել է, որ Երկիրը ողջ տիեզերքի ամենախիտ մոլորակներից է: Այն հոգին, որը բնակվում է այստեղ, խիզախ է համարվում, քանի որ Երկրի վրա կյանքը շատ բարդ փորձություն է: Այս փորձությունը հատկապես բարդ է այն հոգիների համար, որոնք գալիս են ավելի ուժեղ վիբրացիայով մոլորակներից: Այնուամենայնիվ, Դոլորեսի բոլոր հաճախորդները միևնույն պատասխանն ունեն, երբ հարցը վերաբերում է Երկիր մոլորակ գալու պատճառին: Նրանք պարզապես լսել են կանչը:
Երկիրը զգալի վերափոխման է ենթարկվում: Դոլորեսի հաճախորդները նշում են, որ այսպիսի վերափոխում դեռևս երբեք չի եղել: Առաջին անգամ մի ողջ մոլորակ իր վիբրացիան տարածական այլ հաճախականության է փոխում: Բազմաթիվ հոգիներ կամ հոգիների խմբեր նմանատիպ փոփոխության միջով են անցել անցյալում (օրինակ՝ մայաները), սակայն դեռևս երբեք մի ողջ մոլորակ միանգամից չի փոխվել: Դոլորեսի խոսքերով՝ ողջ տիեզերքը, առաջին շարքում նստած, երբևէ գրանցված ամենամեծ շոուներից մեկի ականատեսն է դառնում: Այնուամենայնիվ, օգնության կարիք է զգացվում, որովհետև մարդը աղտոտել է մոլորակը այնքան խիտ վիբրացիայով, որը սպառնում է ողջ մոլորակի փրկությանը: Դոլորեսը բացահայտում է, որ եթե Երկիրը ինքնաոչնչացման գնա՝ սա կանդրադառնա ողջ տիեզերքի վրա՝ անհանգստություն պատճառելով բոլոր էակներին: Հենց այդ պատճառով էլ օգնության կանչեցին հոգիներին, և նրանք անմիջապես շտապեցին օգնության:

«Կամավորների երեք ալիքները և Նոր Երկիրը» գրքում Դոլորեսը մանրամասնում է հոգիների երեք դասերի մասին, որոնք ապրում են Երկրի վրա:
1) Առաջին ալիքը
Այս դասին են պատկանում 40-60 տարեկան կամավորները, որոնք անհանգստանում են այն վայրագության, զայրույթի ու ատելության պատճառով, որոնց նրանք ամեն օր բախվում են Երկիր մոլորակի վրա: Նրանք շատ ծանր ժամանակներ են ապրել՝ փորձելով հարմարվել որպես մարդկային արարածներ ապրելու պարտականությանը: Նրանցից շատերը փորձում են ինքասպանություն գործել:
2) Երկրորդ ալիքը
Այս երիտասարդ կամավորները, ում 40 տարին դեռևս չի բոլորել, ավելի հեշտությամբ են ապրում մարդկային մարմնի մեջ և էներգիայի փարոս են: Նրանք կարող են ազդել մյուսների վրա՝ պարզապես մոտ գտնվելով նրանց: Նրանց առաքելությունն է պարզապես կիսվել իրենց էներգիայով ուրիշների հետ: Այսպիսով նրանց միակ պարտականությունը մեր մոլորակի վրա լինելն է:
3) Երրորդ ալիքը
Նոր ժամանակի երեխաները, որոնցից շատերն արդեն դեռահասներ են, ունեն այն բոլոր գիտելիքները, որոնք անհրաժեշտ են Երկիր մոլորակի վերափոխումից հետո այստեղ ապրելու համար: Նրանց ԴՆԹ-ն ավելի զարգացած է, և ամենամեծ մարտահրավերը, որոնց նրանք դիմագրավում են, մարդկանց կողմից սխալ ընկալվելն է: Հենց այդ թյուրըմբռնման պատճառով էլ նրանց վերագրվում է մի հիվանդություն (ADHD), որն անհրաժեշտ է բուժել:
Հետաքրքրական է, որ Դոլորեսը նաև մանրամասնորեն գրել է Ատլանտիդայի անհետացած քաղաքակրթության մասին: Նա հայտնաբերել է, որ եղել են բազում քաղաքակրթություններ, որոնք անցյալում ոչնչացել են:
- Ամեն անգամ, երբ մարդիկ հասնում էին այն կետին, երբ նրանք սխալ ձևով էին օգտագործում էներգիան և չէին կարողանում վերահսկել այն, նրանց կանգնեցնում էին: Ամեն անգամ ամեն ինչ նորից էր սկսվում այս մոլորակի վրա: Քաղաքակրթությունը վերադառնում էր սկզբնական պարզունակ փուլերին: Ահա թե ինչու նրանք չեն ցանկանում թույլ տալ, որպեսզի այս անգամ էլ նման բան տեղի ունենա: Նրանք չեն ցանկանում մոլորակի հետ միասին վերադառնալ սկզբնական փուլերին և մի անգամ ևս մարդկության համար նոր կյանք սկսել:
Մի պահ դադար տալուց հետո Դոլորեսը հավելեց.
- Հիպնոթերապիայի սեանսներից մեկի ժամանակ մի կին վերադարձավ Ատլանտիդա և ինձ պատմեց Ատլանտիդայի կործանման հիմնական պատճառը: Նա ասաց, որ Ատլանտիդայի ժամանակներում գիտնականներ կային: Կային և այնպիսի մարդիկ, որոնք միամտացնում էին բոլորին «Մթին Մատերիա» ասվածով: Ես տեղեկացա, որ սա նույն բանն է, ինչ ներկայիս գիտնականներն են անում, երբ միամտացնում են բոլորին Հակամատերիայի (Anti-Matter) գաղափարով: Այդ կինն ինձ ասաց, որ այս մասին իմանալը կարևոր է, քանի որ գիտնականները ներկայումս էլ միևնույն բանն են անում: Դրա վառ ապացույցն է Շվեյցարիայում կատարված Մեծ հադրոնային բախիչի գիտափորձը: Գիտնականները հակամատերիայի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացնում: Այն գիտնականները, որոնք այժմ զբաղված են բախիչի գիտափորձով, գաղափար անգամ չունեն, թե իրենք իրականում ինչով են զբաղված, իսկ դա շատ վտանգավոր է: Եթե այդ գիտափորձերը շարունակվեին Ատլանտիդայի ժամանակ՝ Երկիրը կպայթեր: Սա բացասաբար կանդրադառնար ողջ տիեզերքի վրա, սակայն նրանք կանգ առան, նախքան ամեն ինչ այդ կետին կհասներ: Այնուամենայնիվ, Ատլանտիդայի կործանումից խուսափել չհաջողվեց:
Երբ Դոլորեսին հարցնում են, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց քննադատությանը, նա ասում է, որ հումորով է վերաբերվում մարդկանց այն դիտարկումներին, թե ինքը գիտական ֆանտաստիկայի ժանրի մեծ գրող է:
- Ես ոչ մի կերպ չէի կարող այս ամենը հորինել: Ես 17 գիրք եմ հեղինակել, և այդ բոլոր գրքերը ծնվել են այն դեպքերից, որոնց ես առնչվել եմ իմ աշխատանքային պրակտիկայում: Ես չէի ճանաչում ինձ այցելած մարդկանց, մինչև նրանք կյանքի ամենաբազմազան ուղիներից ներս չմտան իմ աշխատասենյակի դռնից. տարբեր ընկերությունների գործադիր տնօրեններ, քոլեջի ուսուցիչներ, քահանաներ, շամաններ և մի շարք սովորական մարդիկ: Ես չեմ հանդիպել այնպիսի մեկին, ով նախկին կյանք չի ունեցել: Երբ ես սկսեցի գրել «Ոլորուն տիեզերքը», ես ցանկանում էի իմանալ, թե արդյո՞ք որևէ մեկը կկարողանար հասկանալ այն: Երբ մարդիկ կարդում էին այս գիրքը, նրանք ասում էին. «Ես գիտեմ այս մասին և ես չգիտեմ, թե ինչպես գիտեմ, սակայն ես գիտեմ այս մասին և ես գիտեմ, որ սա ճիշտ է»:
The Edge-ին տված հարցազրույցի վերջին մասում Դոլորեսը հայտնեց իր եզրափակիչ մտքերը գիտակցության փոփոխության մասին:
- Մենք ընթանում ենք դեպի նոր հաճախականություն, որտեղ էլ լինելու է Նոր Երկիրը, և այն չափազանց գեղեցիկ է լինելու: Այս ամենը նկարագրված է գրքերում. գեղեցիկ գույներ և ամենուրեք գերիշխող սեր: Մենք հեռանում ենք Հին Երկրի բացասական լիցքերից: Սա լիակատար ու անհավատալի շրջադարձ է լինելու: Մենք բոլորս դեպի դա ենք շարժվում: Հայտնության գրքում նշված է նոր երկնքի ու նոր երկրի մասին: Դա նույն բանն է, որ մենք ունենք հիմա: Բանն այն է, որ երբ Սուրբ Հովհաննեսը տեսել է այդ տեսիլքը, չի գիտակցել, որ դրա իրականացման համար մի քանի հազար տարի է պահանջվելու:
Ամենակարևորն այն է, որ մենք ապրում ենք տիեզերքի պատմության ամենանշանակալի ժամանակաշրջանում, և շատ կարևոր է այժմ գտնվել այստեղ: Կան հազարավոր հոգիներ, որոնք ցանկանում են գոնե մի քանի ժամով այստեղ լինել՝ այս ամենն ապրելու համար: Նրանք ասում են, որ եթե անգամ նրանք ծնվեն ու անմիջապես մահանան, նրանք կկարողանան ասել. «Ես այնտեղ էի, երբ դա կատարվեց»: Ահա թե որքան կարևոր է սա ողջ տիեզերքի համար: Այսպիսով, դուք ապրում եք մի շատ գեղեցիկ ժամանակաշրջանում, որն այլևս երբեք չի կրկնվի:



