1in.am-ը գրում է.
Ուկրաինայում աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
«Ուկրաինացի ժողովուրդը, առանց արտաքին աջակցության հույսի, ընդվզեց ռուսական գաղութացման դեմ: Ամեն բան այնտեղ խաղաղ և կանխատեսելի էր: Յանուկովիչը ապագայի փայլուն հեռանկար ուներ: Ամերիկացիները նրան ապահովեցին իմիջմեյքերներով, կանաչ ճանապարհ բացեցին նրա համար: Նա հասկանում էր, որ ԵՄ հետ սերտ հարաբերություններն Ուկրաինայի ապագան են»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ երկիրը ներկայումս կանգնած է պետականության կորստի, գաղութացման վտանգի առջև: «Ուկրաինան այժմ կուրս է վերցրել ոչ դեպի Ռուսաստան, ոչ էլ Արևմուտք, այլ դեպի ինքնուրույնություն»,- ասաց նա:
Իգոր Մուրադյանի խոսքով՝ Արևմուտքը Պուտինին հասկացնում է, որ նա այլևս միջազգային էլիտար ակումբի անդամ չէ: «Մոսկվան միանգամից հասկացավ սա: Ռուսաստանի տեղը ցույց տալ, նրան տնտեսական կոլապսի մեջ գցել ցանկանում էին դեռ Բուշն ու Քոնդոլիզա Ռայսը: Միաժամանակ, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան անում են ամեն բան՝ չկորցնելու Եվրոպայի վրա ազդելու լծակները: Իսկ Եվրոպայում շատ բան է փոխվել: Մշտապես Ռուսաստանին աջակցող Գերմանիան այս անգամ պաշտպանում է Ուկրաինային, ինչը չէր անում այն ժամանակ, երբ այդ երկրում «նարնջագույն իրադարձություններ» էին տեղի ունենում»,- ասաց քաղաքագետը:
Իգոր Մուրադյանը համոզմունք հայտնեց, որ ուկրաինական զարգացումներում որոշիչ կլինի հատկապես Դնեպրոպետրովսկի համար պայքարը: «Իսկական մարտերը դեռ չեն սկսվել: Դրանք կսկսեն այն ժամանակ, երբ մատիտը ձեռքին՝ մարդիկ սահմաններ կգծեն՝ պայքարելով ամեն մի գյուղի համար: Ամեն ինչ տանում է քաղաքացիական պատերազմի: Բայց եթե Յուլյա Տիմոշենկոն բանտից ավելի վաղ դուրս եկած լիներ, ամեն բան այլ կերպ կդասավորվեր: Նա ֆանատ քաղաքական գործիչ է, նրա համար կարևորը ոչ թե փողն է, այլ քաղաքականությունը, թեպետ նա հարուստ կին է»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, Իգոր Մուրադյանի խոսքով, քաղաքականությունն այստեղ վաղուց մեռել է, և ուկրաինական դեպքերի կրկնություն այստեղ չպետք է ակնկալել:
Ասուլիսի մյուս բանախոս, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն իր հերթին նկատեց, որ Ուկրաինայում ավարտվում է ընդհանուր գործընթացի միայն մի մասը: «Այժմ շատ բան կախված է նրանից, թե ինչ որոշումներ կընդունվեն Խարկովում: Թե ինչ զարգացումներ կլինեն այսօր, ըստ դրա էլ կորոշվի գործընթացների ելքը»,- ասաց նա:
Արմենակ Դովլաթյանի խոսքով՝ Ուկրաինայում, քաղաքական գործընթացներին զուգահեռ, տնտեսական շահերի պայքար է ընթանում: «Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյի՝ Մայդանի առաջնորդ դառնալու հավանականությանը, ապա պետք է նշել, որ ուկրաինացի ժողովուրդը նրան միանշանակորեն չի ընդունում, քանի որ հիշում է, որ նա ևս ժամանակին խառնված էր կոռուպցիոն պատմությունների մեջ»:
Ամփոփելով՝ Կանաչների նախագահը նկատեց, որ եթե հայաստանյան իշխանությունները խելամիտ լինեն, մեզ մոտ կարող են բավական հետաքրքրական իրադարձություններ տեղի ունենալ: «Չեմ բացառում, որ Հայաստանում ևս Մայդան կայանա, ինչն անկասկած կբերի վատ հետևանքների: Մարդկանց համբերությունը մի օր կարող է պայթել»:



