Panorama.am-ը գրում է.
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն` կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել մինչ տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանը` 2014 թ. վերջից մոտենալով նպատակային ցուցանիշին միջնաժամկետում տատանվելով դրա շուրջ, իսկ տնտեսական աճը կարագանա 2014 թ և կկայունանա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակում: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակված «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. 1-ին եռամսյակ, 2014» հաշվետվությունում:
Ըստ հաշվետվության` 2013 թ. չորրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը որոշ չափով վերականգնվել է և զգալի մեղմվել գնաճային միջավայրը, այդուհանդերձ, տնտեսական աճը սպասվածից ցածր է եղել, իսկ 12-ամսյա գնաճը գտնվել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ:
2013 թ. ձևավորված մակրոտնտեսական միջավայրը բնութագրվել է մի շարք առանձնահատկություններով: Այսպես` տարեսկզբից արձանագրվել է տնտեսական աճի տեմպերի շարունակական դանդաղում` հիմնականում պայմանավորված շինարարության ճյուղի անկմամբ, էներգակիրների սակագների բաձրացմամբ և տարեսկզբից իրականացված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությամբ: Միևնույն ժամանակ, մինչև մայիս համեմատաբար կայուն վարքագծից հետո, գնաճային միջավայրը զգալի ընդլայնվել է` հիմնականում պայմանավորված էներգակիրների սակագների բարձրացման ուղղակի և երկրորդային ազդեցություններով (ընդհանուր առմամբ` շուրջ 3.0 տոկոսային կետ) և վատ բնակլիմայական պայմանների հետևանքով ձևավորված գնաճային սպասումներով:
Գնաճը կրկին նվազել է սեպտեմբերից սկսած, երբ, պահպանվող ցածր տնտեսական ակտիվության և զսպողական հարկաբյուջետային քաղաքականության պարագայում, ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացումը որոշակիորեն մեղմել են գնաճային սպասումները: Տարվա արդյունքներով` 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%` գրեթե համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին: 2013 թ. նմանատիպ վարքագիծ է ցուցաբերել բնականոն գնաճը, որի 12-ամսյա ցուցանիշը տարեսկզբի 3.5%-ից օգոստոսին հասել է 5.7%-ի, իսկ այնուհետ` մինչև տարեվերջ նվազել` կազմելով 3.7%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



