➊ Զսպանակ Սլինկի

![]() |
![]() |
1943թ.-ին նավատորմի ճարտարագետ Ռիչարդ Ջեյմսը փորձում էր զսպանակներով սարք նախագծել, որի շնորհիվ կոտրվող իրերը նավում կկարողանար այնպես պահել, որ շարժումից դրանք չվնասվեին: Աշխատանքի ընթացքում, երբ նրա ձեռքից ընկնում է իր զսպանակներից մեկը, ու ցատկելով առաջ շարժվում, Ջեյմսի մոտ գաղափար է հղանում՝ ստեղծել ինքնուրույն շարժվող զսպանակ:
Ջեյմսի կինը՝ Բեթին, պատմել է, որ երբ նա այդ օրն աշխատանքից տուն վերադարձավ, ասաց. «Կարծում եմ՝ եթե ես անհրաժեշտ հատկություններով պողպատ ու ճիշտ չափով լարում ստանամ, կկարողանամ դրան ստիպել քայլել»:
500 դոլար վարկով ու իր նախաձեռնողական ոգով՝ Ջեյմսը մետաղալարը զսպանակաձև ոլորող սարք է ստեղծում ու բացում իր սեփական ընկերությունը, որտեղ սկսում է իրականացնել այս զսպանակների մեծածավալ արտադրանքը: Պետք է նշել, սակայն, որ ի շնորհիվ նրա կնոջ` Բեթթի Ջեյմսի է, որ զսպանակը երեխաների համար սկսել են օգտագործել որպես խաղալիք:
➋ Ռուբիկ-խորանարդ

Ռուբիկ-խորանարդը, կամ առավել տարածված, Ռուբիկ-Կուբիկը, ստեղծվել է Էռնո Ռուբիկի կողմից: Աշխատելով Բուդապեշտի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դիզայնի բաժնում՝ 1970-ականների կեսին նախագծում է խորանարդը, որպեսզի կարողանա իր ուսանողներին բացատրի եռաչափ առարկաների էությունը: Նրա նախագծած խորանարդի մոդելը դասախոսին հնարավորություն էր տալիս լուծել կառուցվածքային խնդիրները՝ խորանարդի մասնիկները շարժել այնպես, որ խորանարդը դրանից չքանդվեր: Դրանից ավելի ուշ նա փորձեց հավաքել խառնած խորանարդը և միայն այդ ժամանակ հասկացավ, որ այն յուրահատուկ գլուխկոտրուկ է:
1980թ.-ին խաղալիքներ արտադրող ընկերություններից մեկը սկսում է ռուբիկ-խորանարդի արտադրությունը՝ որպես խաղալիք-գլուխկոտրուկ: Շատ կարճ ժամանակում գլուխկոտրուկը սիրվում ու արագ սպառում է գտնում ամբողջ աշխարհում: Այսօր այս խաղալիքը համարվում է բոլոր ժամանակների ամենասիրված գլուխկոտրուկը ու աշխարհի համար մեկ խաղալիքը:
Ստորև դիտեք, թե ինչպես է վեցամյա տղան ընդամենը 37.89 վայրկյանում հավաքում խառնված ռուբիկ-խորանարդը:
➌ Լազերային նշանակետ
Ի տարբերություն ռուբիկ-կուբիկի ու զսպանակաձև խաղալիքի՝ լազերային նշանակետ խաղալիքները սկիզբ են առել ամերիկյան բանակից: 1970-ականների ԱՄՆ զինված ուժերը ցանկանում էին մի ծրագիր մշակել, որը թույլ կտար զինվորներին վարժություններ անցկացնել շարժվող թիրախների վրա կրակ բացելու համար՝ առանց անխուսափելի ռիսկերի և իրական փամփուշտների օգտագործման: Սա իրականացնելու համար նրանք ստեղծեցին լազերային համակարգ, որը նախավարժանքներում հնարավորություն էր տալիս կրակելու ինֆրակարմիր ճառագայթներ արձակել՝ նշան բռնելով թիրախի վրա: Չնայած այս համակարգը դեռևս օգտագործվում է տարբեր երկրների զինված ուժերում, այնուամենայնիվ, այսօր այն առավել տարածված է որպես երեխաների համար խաղալիք:





