Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի՝ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին անցնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, նշեց. «Եթե ԱՄՆ-ի դեսպանն անձամբ դրական է համարում կուտակային համակարգի ներդրումը, ապա ինքը կարող է անձնապես մասնակցել այդ համակարգին, և դա քարոզչության ամենալավագույն ձևը կլինի: Թե ինչու է նա Հայաստանում քարոզում Կառավարության գործառույթները, հասկանալի չէ»:

-Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսելով Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանին: Ի՞նչ կասեք:

-Կարող եմ ասել, որ ինձ զարմացրեց այդ ելույթը, որովհետև իմ կարծիքով ՝ ԱՄՆ-ի դեսպանն այսօր ակնհայտորեն ցուցաբերեց իր, կարելի է ասել, անձնական շահագրգռվածությունը Հայաստանում ինչ-որ համակարգի վերաբերյալ: Կողք դնենք այդ հարցի ճիշտ կամ սխալ լինելը, բայց որևէ պետության դեսպանը, իմ կարծիքով, այն պաշտոնյան չէ, որը պետք է նման կարծիք արտահայտի: Եթե ԱՄՆ-ի դեսպանն անձամբ դրական է համարում կուտակային համակարգի ներդրումը, ապա ինքը կարող է անձնապես մասնակցել այդ համակարգին, և դա քարոզչության լավագույն ձևը կլինի: Թե ինչու է նա Հայաստանում քարոզում Կառավարության գործառույթները, հասկանալի չէ:

-Բայց չէ՞ որ նա ամերիկյան հարկատու է:

-Եթե ուսումնասիրեիք այդ օրենքը, կտեսնեիք, որ Հայաստանը նաև այլ պետությունների քաղաքացիներին ցանկություն ունի այդ պարտավորություններով ծանրաբեռնել: Եթե ԱՄՆ-ի դեսպանն իր առաջ խնդիր է դնում PR անել Կառավարության գործողությունները, ապա ճիշտ կլիներ, որ ինքը դա մատուցեր որպես իր անձնական ընտրություն: Բայց խորհուրդ տալ մարդկանց, որոնք ամսական 250 դոլարի չափ աշխատավարձ են ստանում, համակերպվել այն հանգամանքի հետ, որ այդ աշխատավարձի 1/3-ը պետք է տարբեր հարկատեսակներով գանձվի, դա, իմ կարծիքով, մի խնդիր է, որտեղ ԱՄՆ-ի կառավարությունը, կարծես թե, որևէ անելիք չունի:

-Ֆեյսբուքյան մի օգտատեր անդրադառնալով դեսպանի այդ կոչին, գրել է. « Հայկական ռադիոյին հարցնում են՝ ինչու Ամերիկայում հեղափոխություն չի լինում և քաղաքացիական պատերազմ վաղուց չի եղել, ռադիոն պատասխանում է. որովհետև Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանատուն չկա»:

- /Ծիծաղում է/ Ինչ-որ տեղ ես հենց դա էլ նկատի ունեի, որ ԱՄՆ-ի դեսպանը ներքաշված է մի հարցում, որտեղ ԱՄՆ-ը, կարծես թե, պետք է չեզոք դիրք ունենա: Բայց տեսնում ենք, որ ցուցաբերում է շահագրգռված դիրքորոշում: Նաև տեսանելի է այն նույն երևույթը, որը կար և Սերժ Սարգսյանի ելույթում, այսինքն` ի սկզբանե պնդում է արվում, որ տվյալ որոշումն օրենսդրական է և դրանով ասվում է, որ ձևական է Սահմանադրական դատարանում գտնվող այդ հայցը:

- Բոլոր այն հարցերը, որոնց նկատմամբ հասարակությունը դժգոհություն ունի և որոնք կուտակվում են, սրանց հանրագումարը, ըստ Ձեզ, Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել:

-Վաղ թե ուշ հանգեցնելու է նրան, ինչ մենք տեսանք Ուկրաինայում: Երբ հանրային նշանակության հարցերն ու խնդիրները լուծում չեն ստանում, վաղ թե ուշ մարդիկ հասկանում են, որ անհրաժեշտ է զենք վերցնել և վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են պետության նորմալ գործունեությանը: Մարդիկ, վաղ թե ուշ, գալիս են այն համոզման, որ պետք է վերացնել քրեաօլիգարխիկ համակարգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել