Այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նշել է կուսակցության հիմնադրման 123-ամյակը: Այս առթիվ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.
«Արեւմտյան Հայաստանի ազատագրության խնդիրը հայ քաղաքական դաշտ բերեց ազգային-ազատագրական շարժման ծավալման որոշակի հանգրվանում կազմավորված Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որի քաղաքական գլխավոր նպատակը հիմնվում է անառարկելի իրավաքաղաքական փաստերի վրա, փաստեր որոնք ժխտելու բոլոր փորձերը հակասության մեջ են ոչ միայն պատմական իրողությունների, այլեւ միջազգային իրավունքի նորմերի հետ:
Այսօր, երբ 123 տարվա հեռավորությունից նայում ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության անցած պատմական ուղուն, ակնառու են դառնում նրա անկյունաքարային դերակատարությունն ու ավանդն ազգի ամենավճռորոշ պահերին` Հայկական հարցի լուծման փորձություններից մինչեւ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի հորձանուտ: Մինչխորհրդային ժամանակաշրջանում գործող կուսակցություններից Դաշնակցությունն էր, որ իր ուսերին վերցրեց ազգը թուրքական լծից ազատագրելու անհավասար պայքարի բեռը: Ուստի անժխտելի է նրա դերակատարությունը Հայկական առաջին հանրապետության կազմավորման գործընթացում: Եւ թերեւս պատահական չէ, որ այդ ժամանակաշրջանի Հայաստանի Հանրապետության պատմությունը խորհրդահայ պատմագրության մեջ հաճախ նույնացվում էր ՀՅԴ պատմության հետ` կոչվելով «Դաշնակցականների հանրապետություն»…
Մերօրյա` ազգային արժեքների մոռացման, համաշխարհայնացման պայմաններում անուրանալի է Հայ Հեղափոխական Դաշնակցության կուսակցության դերակատարությունը Սփյուռքում` ազգապահպանման, հայապահպանման գործընթացներում:
Արցախյան գոյապայքարի միաձուլման քուրայում կրկին իրար հանդիպեցին ժողովուրդն ու Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` բռունցքվելով ընդդեմ թշնամու: Արցախում ՀՅԴ-ն առաջիններից մեկն էր, որ ստանձնեց հայ ժողովրդի զինված ազատագրական պայքարը կազմակերպելու պատասխանատվությունը:
Այսօր եւս Հայ հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը, կուսակցության` դարից էլ երկար ձգվող կուսակցական պատմության պատասխանատվությունն ուսերին կրելով, մասնակիցն է նորաստեղծ պետության շինարարության` պայքարող մարտիկի իր ուրույն տեսակով հային վերադարձնելով հայրենիքին վերատիրանալու, ազատ ու անկախ ապրելու գաղափարը, գաղափար, որ կոչվում է Հայ Դատ` իր մեջ ներառելով Հայոց Մեծ Եղեռնի հատուցումից մինչեւ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծում:
Պատմական այս ամբողջ պատասխանատվությամբ համակված` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կերտել է կուսակցականության իր բանաձեւը, որն առավել հայրենասերի, պայքարողի հոգեվիճակ է, քան պարզապես կարգավիճակ: Այդու, այս եւ գալիք հարյուրամյակներում թող արդիական մնա կուսակցականի` նման մարտունակ ու ազգասեր ոգին:
«Ազատ հայրենիք» կուսակցության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը պատկառելի տարեդարձի առթիվ` մաղթելով որդեգրած սկզբունքներից ու գաղափարախոսությունից անշեղ ապագա»:



