Hetq.am-ը գրում է.

Ցմահ դատապարտյալների համար շաբաթվա բոլոր օրերը գրեթե միանման են անցնում. առավոտյան և  երեկոյան հաշվառում, օրական մեկ ժամ զբոսանք, գուցե խուզարկություն: Իմ օրերն անցկացնում եմ ինքնակրթությամբ, լեզուների ուսումնասիրությամբ և ընթերցանությամբ:

Հինգշաբթի էր, առանձնապես չտարբերվող՝ հինգ տարվա ազատազրկմանս տարիների մյուս հինգշաբթիներից: Վերջերս էի իմացել, որ տեր Գրիգորը, ով մի քանի անգամ այցելել էր մեր խուց, ամեն հինգշաբթի գալիս է քրեակատարողական հիմնարկ, ընդունում իր հետ զրուցելու ցանկություն հայտնած ցմահ դատապարտյալներին: Ես էլ առավոտյան հաշվառման ժամանակ ՔԿՀ-ի աշխատակիցներին խնդրեցի տեղեկացնել տեր Գրիգորին, որ հնարավորության դեպքում ինձ էլ ընդունի: Կեսօրին  խցի դուռը բացվեց, և հսկիչների ուղեկցությամբ գնացի սենյակ, որտեղ ինձ էին սպասում ՔԿՀ-ի երկու սոցիալ հոգեբաններն ու տեր Գրիգորը: Ողջունեցինք միմյանց, և մինչ աշխատակիցները մենակ կթողնեին ինձ տեր հոր հետ, հասցրեցի սենյակում նկատել սրբապատկերներով աղոթատեղին և սենյակի երկու անկյուններում մեկական համակարգիչ: Տեղյակ էի, որ  բուհում ուսանելու համար սահմանված գրաֆիկով աշխատում են իմ բախտակիցներ` Մհեր Ենոքյանն ու Արծրունին: Քանի որ ինքս էլ ցանկանում եմ ավարտել կիսատ մնացած ուսումս, մտովի պատկերացրեցի, որ գուցե ինձ էլ բախտ կվիճակվի ունենալ իմ համակարգիչն այս սենյակում և պարապել:

Մտքերս ընդհատեց տեր Գրիգորի ձայնը.

-Աղոթե՞նք…

Աղոթելուց հետո տեղավորվեցինք սեղանի շուրջ, երկար ու բովանդակալից զրույց ունեցանք հոգևորի մասին: Տեր Գրիգորը խոսեց նաև ցմահ ազատազրկման մասին՝ ասելով, որ մահապատիժը վերացրել են, և դատապարյալները դրանով հնարավորություն են ստացել զգալ մեղքը, զղջալ, ապաշխարել և աստվածահաճո գործերով  ներվել, ուղղվել, նաև հիշեց, որ նախկինում դեռ մահապատժի դատապարտվածները չունեին այսպիսի կացության պայմաններ, որոնք ունենք մենք, այսինքն՝ կարելի է ասել, որ շատ փոփոխություններ է եղել: Ես հայտնեցի իմ տեսակետը, որ ընդամենը մահապատժի տեսակն է փոխվել` դառնալով ծախսատար և դանդաղ: Իհարկե, եթե համեմատենք նախկին պայմանների հետ, այժմ շատ փոփոխություններ կան կացության առումով, սակայն ի՞նչ տարբերություն, թե ինչ ունեցվածքով ես դատապարտված մահապատժի: Ավելի շուտ սա  խաբկանքի է նմանվում, որ չմտածես մահապատժիդ մասին: Եթե մարդ չունի զբաղմունք, եթե նրա հետ լուրջ մասնագիտական աշխատանք չի կատարվում, այլ ամեն առիթի դեպքում հիշեցվում է նրան, որ նա հանցագործ է, ապա կարծում եմ, որ դա մարդու մեջ ոչ թե բարի գործելու ցանկություն կամ գիտակցություն կառաջացնի, այլ հակառակը: Կարող եմ ասել, որ նույնիսկ փոքրիկ ուշադրությունը, մարդկային վերաբերմունքը, դատապարտյալի մեջ արթնացնում է սեփական անձի հանդեպ կարևորության զգացում, որ դեռ ինչ-որ բանի ընդունակ է և մոռացված չէ, իսկ եթե իրականում ճիշտ իրականացվի ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը, որի նպատակը կլինի դատապարտյալին վերականգնելը, այդ դեպքում, կարծում եմ, որ արդյունքներն էլ անհամեմատ զգալի կլինեն դրական տեսանկյունից:

Իհարկե, այս ամենի մասին երկար չխոսեցի տեր Գրիգորի հետ, բայց մտքով, կարծես, առանձնանալով նրանից հիշեցի մի առիթ, որը գուցե փոքր բան էր, բայց, հավատացեք, շատ ուրախացրեց ինձ: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին վերջերս նամակ էի գրել` ներկայացնելով ութ կետից բաղկացած առաջարկություններ, անկեղծ ասած, զարմացա, երբ ստացա դրական պատասխան, շատ մանրամասն անդրադարձ էր կատարվել բոլոր կետերին, չեմ թաքցնի, կասեմ, որ շատ հուսադրող պատասխաններ էին, հուսանք, որ դրանք չեն մնա թղթի վրա:

Մտովի շնորհակալությամբ լցված` հիշեցի hetq.am էլեկտրոնային կայքը, որտեղ տեղադրվում են հոդվածներս: Շնորհակալ եմ ողջ անձնակազմին և հատուկ շնորհակալություն Զարուհի Մեջլումյանին: Ընտանիքիցս ստանում եմ վերծանված նրա հոդվածները և քաջ տեղյակ եմ նրա գործունեությանը, ով մեծ աշխատանք է կատարում, հետամուտ է լինում  դատական սխալների հետևանքով անմեղ դատապարտվածների քրեական գործերի լուսաբանման ու դրանց վերաբացմանը` հարվածի տակ դնելով իրեն:

Իմ մտովի հեռացումից ինձ սենյակ վերադարձրեց ՔԿՀ-ի սոց. հոգեբան տիկին Չարչյանը, ով ներս մտավ սենյակ՝ զգուշացնելով տեր Գրիգորին, որ նա այլ հանդիպում ունի և արդեն ուշանում է: Մինչ նրանց հրաժեշտ կտայի և կհայտնեի շնորհակալությունս, ժամանակ գտանք խոսելու իմ ուսման հետ կապված հետագա գործողությունների մասին: Նրանք ինձ ուղղություն ցույց տվեցին՝ ինչպես կարող եմ դիմել բուհ: Հեռանալուց լսեցի տիկին Չարչյանի ձայնը.

-Մանո՛ւկ, ամուսնացի´ր, չմոռանաս՝ մեզ էլ կանչել…

Ժպտացի նրան` գիտակցելով, որ դա իրականացնելը գուցե անհնար կլինի այստեղ:

Վերջում, քանի որ ամուսնության մասին խոսք գնաց, ցանկանում եմ շնորհավորել բոլոր սիրահարներին, գրելուս պահին դեռ գալիք, բայց, հրապարակման ժամանակ մ միգուցե արդեն անցած տոնը… չնայած, կարծում եմ, որ այդ օրը պետք է ամեն օր լինի: Սիրե՛ք և մի՛ վախեցեք ասել դրա մասին:

«Իրական սերը հագեցում չունի, ամբողջությամբ լինելով հոգևոր՝ այն չի կարող սառչել» (Վ. Հյուգո):

Մանուկ Սահակյան

ցմահ դատապարտյալ

«Նուբարաշեն» ՔԿՀ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել