Lragir.am-ը գրում է.

Երեւանում այսօր բողոքի ակցիա են իրականացրել Արմավիայի աշխատակիցներն ու հաճախորդները: Աշխատակիցները բողոքում են, որ սնանկ ընկերությունն իրենց աշխատավարձերը չի վճարում, իսկ հաճախորդներն էլ բողոքում են, որ ձեռք բերած, բայց չօգտագործած տոմսերը չեն կարողանում վերադարձնել եւ հետ ստանալ փողը:

 Օրերս կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ֆինանսների նախարարությունը, գործատուներին հիշեցնելով, որ սպառվում է աշխատակիցների աշխատավարձից պահած փողը գանձապետարան փոխանցելու ժամանակը: Հետո, երբ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին լրագրողները հարցրել էին, թե արդյոք ՍԴ հայտնի որոշումը չի ազատում գործատուներին պատասխանատվությունից, նախարար Սարգսյանը հետաքրքիր պատասխան էր տվել. «Եթե գործատուն գանձել է, ըստ էության, ձեզնից, ինձնից, այլ աշխատողից գումարը և պահել է իր հաշվին, իրավունք ու՞նի աշխատակիցը պահանջել իր կորցրած եկամուտները, թե ոչ: Եվ արդյո՞ք կրում է պատասխանատվություն գործատուն իր աշխատակիցների առջև: Պատասխանն այստեղ միանշանակ  է՝ այո, կրում է նա պատասխանատվություն, և պետությունը, նաև որպես աշխատողների իրավունքները պաշտպանող,  հետևողական է լինելու, որպեսզի գործատուները չպահեն աշխատողների գումարները, և  իրենք չստանան դրանց տոկոսներն ու եկամուտները»:

 Փաստորեն, կառավարությունը գործատուներին մեղադրում է աշխատողների աշխատավարձի մի մասը յուրացնելու փորձի համար եւ սպառնում հետամուտ լինել աշխատողների շահի պաշտպանությանը: Մնում է ասել միայն՝ կեցցե Հայաստանի կառավարությունը:

 Բայց, երեւի շտապել պետք չէ: Քանի որ հետաքրքրական կլինի հասկանալ, թե օրինակ ինչու՞ ֆինանսների նախարարությունը, նախարարը, կամ որեւէ այլ պաշտոնյա գործադիր իշխանությունից, որեւէ ձեւով պատասխանատվության մասին չի հիշեցրել տարիներ շարունակ պետական մենաշնորհից օգտված Արմավիային, կամ Նաիրիտին, որի բանվորները եռամսյակը մեկ ստիպված են ամիսներ շարունակ չվճարվող աշխատավարձերը պահանջել, բայց ստանալ ընդամենը մեկ-երկու ամսվա աշխատավարձ:

 Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասով սպառնացող կառավարությունը, որ խոստանում է հետամուտ լինել գործատուի պատասխանատվության հարցում, ինչու՞ նույնը չի արել ու անում Արմավիայի կամ Նաիրիտի պարագայում: Չէ՞ որ նրանց էլ փաստացի հնարավոր է մեղադրել աշխատակիցների եւ հաճախորդների փողը յուրացնելու եւ տոկոս ստանալու համար, եթե այդ փողը չի վճարվում նրանց:

 Այստեղ է, որ կեցցե-ի փոխարեն հարկ է ասել՝ կաց, մի՞թե Արմավիայի եւ Նաիրիտի աշխատակիցները Հայաստանի քաղաքացի չեն: 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել