1in.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները գտել են ինտելեկտի և գլխուղեղի գորշ նյութի միջև կապ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ուսումնասիրությունների ժամանակ նրանք հետազոտել են 14 տարեկան 1500 առողջ երեխաների ԴՆԹ-ի և ուղեղի նկարների նմուշներ: Այնուհետև նրանք ուսումնասիրել են 54 հազար գենետիկ տարբերակներ, որոնք, գիտնականների կարծիքով, մասնակցում են ուղեղի զարգացմանը:
Նրանց հաջողվել է պարզել, որ գլխուղեղի ձախ կիսագնդի կեղևի հաստության գենետիկ տարբերակներով երեխաներն ինտելեկտով գերազանցում են իրենց հասակակիցներին:
Գիտնականներն անցկացրել են մեկ այլ փորձ ևս, որին մասնակցել են մկները: Նրանք ուսումնասիրել են NPTN գենը, որը համակարգում է գլխուղեղի նեյրոնների միջև փոխգործակցությունը: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ գենը աջ և ձախ կիսագնդերում տարբեր կերպ է դրսևորում իրեն: Ավելին՝ պարզվել է, որ ձախ կիսագունդն առավել կախված է այդ գենի մուտացիայից, ինչն էլ, հնարավոր է, ինտելեկտուալ ունակությունների տարբերության պատճառ է հանդիսանում:
Գիտնականները հույս ունեն, որ իրենց ուսումնասիրությունը կօգնի հստակեցնել հոգեկան հիվանդությունների հիմքում եղած մեխանիզմները, այդ թվում նաև՝ շիզոֆրենիայի և աուտիզմի:



