1in.am-ը գրում է.

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Միխեիլ Սաակաշվիլիին ներառել պատվիրակության կազմում, որը նոյեմբերի վերջին կուղևորվի Բրյուսել՝ նախաստորագրելու ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը: Այժմ հեռացող նախագահին միայն մեկ հնարավորություն է մնացել մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին՝ եթե որպես պատվավոր հյուր հրավիրեն անձամբ կազմակերպիչները: Ընդ որում, նա ենթարկված է ոչ միայն Վիլնյուսի գագաթնաժողովին, այլև Վրաստանի նոր նախագահի երդմնակալությանը չմասնակցելու ռիսկին: Այս մասին գրում է Kommersant-ը:

Այն մասին, որ նախագահ Սաակաշվիլինչի կարող լինել վիլնյուսյան գագաթնաժողովին Վրաստանի պաշտոնական պատվիրակության կազմում, հայտարարել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նրա պարզաբանմամբ՝ Լիտվայի նախագահը գագաթնաժողովին հրավիրել է նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: Նրա խոսքով՝ պաշտոնական պատվիրակության կազմի ձևաչափը կազմակերպիչների կողմից սահմանվել է հետևյալ կերպ՝ 1+2+5: Դա նշանակում է, որ պատվիրակության կազմում կարող են լինել պետության ղեկավարը, երկու նախարար և ևս 5 մարդ, ովքեր իրադարձություններին կհետևեն նախասրահի մոնիտորներից: 

Սաակաշվիլին հույս ուներ, որ նոր իշխանությունները հաշվի կառնեն իր ներդրումները Վրաստանի եվրաինտեգրման գործընթացում և իրեն կներառեն պատվիրակության կազմում՝ նախարարներից մեկի փոխարեն: Համոզվելով, որ հույսերը չեն իրականանա, նա ուղևորվել է Բրյուսել և հանդիպել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին:

Kommersant-ի աղբյուրներով՝ Սաակաշվիլին հասկացնել է տվել, որ ուրախ կլինի ԵՄ-ից մասնակցության հրավերք ստանալ որպես պատվավոր հյուր: Նա եվրահանձնակատարին վստահեցրել է, որ որպես ռուս-վրացական հարաբերությունների նորմալացման պայման՝ Մոսկվան Իվանիշվիլիի կառավարությունից պահանջում է իր ձերբակալությունը:

Բարոզուն լուրջ է վերաբերվել հեռացող նախագահի հնարավոր ձերբակալությանն ու վրացական իշխանություններին կոչ է արել հրաժարվել ընտրովի արդարադատությունից: Բարոզուն չի մեկնաբանել Սաակաշվիլիի հրավերքի մասին հարցը:

Սաակաշվիլին կարող է չմասնակցել նաև նոր նախագահի երդմնակալությանը: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիթ Սագանելիձեն արդեն հայտարարել է, որ դա Սաակաշվիլի տեղը չէ, և նախազգուշացրել, որ եթե նա հայտնվի, ապա ինքն անհապաղ կհեռանա այնտեղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել