Ադրբեջանի պատասխանը ՀԱՊԿ-ին 1in.am-ը գրում է.

Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Իջևան-Բաղանիս հայ-վրացական միջպետական ճանապարհը: Թեև տուժածներ ու վիրավորներ չկան, այնուամենայնիվ ճանապարհը փակվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Սա արդեն երկրորդ անգամն է, որ Հայաստանը ստիպված է ադրբեջանական կրակոցների հետևանքով ճանապարհ փակել: Առաջին անգամ օրեր առաջ էր, երբ Բերդ-Իջևան ճանապարհն էր գնդակոծվել: Դժբախտաբար, դրա հետևանքով եղավ զոհ, եղան վիրավորներ: Եվ ահա, Ադրբեջանը արդեն միջպետական նշանակության ճանապարհն է գնդակոծում: Որ զոհեր և վիրավորներ չկան` դա հիանալի է, սակայն սրանով ամեն ինչ ավարտված չէ, որովհետև փաստն ինքնին բավական խոսուն է:

Մի քանի օր առաջ գնդակոծված ճանապարհի զոհի և վիրավորների համար հայտարարվեց, որ հայկական կողմը խիստ պատասխան տվել է ադրբեջանցիներին: Փաստորեն, այդ խիստ պատասխանը նրանց չի զգաստացրել: Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի պահվածքը, և այստեղ, իհարկե, իրենց դերն ունեն նաև միջազգային կառույցները, որոնք նման իրավիճակներում երբեք դուրս չեն գալիս հավասարակշռության մոդուլից և հանդես են գալիս անորոշ դատապարտող հայտարարություններով, ըստ էության անհասցե հայտարարություններով՝ լինեն դա Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ ներկայացուցիչները, թե այլ եվրոպական կառույցներ, որոնք ներգրավվածություն ունեն տարածաշրջանային անվտանգության հարցերում:

Սակայն, այս ամենով հանդերձ, պետք է նկատել, որ այդ կառույցները ընդամենը միջնորդական կամ այսպես ասած` դիտորդական կառույցներ են, մինչդեռ կա մեկը, որը Հայաստանի անվտանգության հետ անմիջական, իրավաբանական կապ ունեցող կառույց է: Խոսքը Հավաքական անվտանգության կազմակերպության մասին է: Եվ հատկապես հատկանշական է այն, որ գնդակոծումը տեղի է ունենում այն օրը, երբ Հայաստանում հավաքվում են ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պատգամավորները և քննարկում անվտանգության հարցեր, անում են հայտարարություններ, թե իբր ՀԱՊԿ-ը լիարժեք ապահովում է Հայաստանի անվտանգությունը:

Իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը, երբ Ադրբեջանը գնդակոծում է և ստիպում փակել Հայաստանի ճանապարհները, սպանում այդ ճանապարհներով անցնող քաղաքացիներին: Ու՞ր է ՀԱՊԿ-ը, որը Հայաստանի անվտանգության դաշինքն է, որը պետք է Հայաստանը պաշտպանի հակառակորդների ոտնձգություններից: ՀԱՊԿ-ն այս ամենի հանդեպ լուռ է` այն դեպքում, երբ հենց այս միջադեպերի առիթով պետք է խոսել, սա է առարկայականը, այստեղ է, որ պետք է ցույց տալ Հայաստանի անվտանգությանը հետամուտ լինելու քաղաքական կամք և ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը կենսունակ դաշինք է: Սակայն ինչ-որ բան ցույց են տալիս եղած տեղից: ՀԱՊԿ-ում կենսունակություն չկա, այդ կառույցը չի կարող կենսունակ լինել Հայաստանի անվտանգության հարցում, այդ կառույցը կենսունակ է միայն Հայաստանը ռուսական շահերի տիրույթում պահելու հարցում՝ որպես շանտաժի և սպառնալիքների կառույցներից մեկը:

Այսինքն` ՀԱՊԿ-ի միջոցով Ռուսաստանն ինքն է շանտաժում և սպառնում Հայաստանին, ուր մնաց ՀԱՊԿ-ն արձագանքի ադրբեջանական սպառնալիքներին: Եվ այս իմաստով, ադրբեջանական կրակոցների հետևանքով ոչ միայն Հայաստանի ճանապարհներն են փակվում, այլ ակնհայտ է դառնում, որ փակ է ՀԱՊԿ-ը որպես այդպիսին, այսինքն` որպես Հայաստանի անվտանգության դաշինք: Նման բան չկա և դա ցույց է տալիս այն լռությունը, որ այդ դաշինքը ցուցաբերում է Հայաստանի տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել