Zham.am-ը գրում է.
Երգչուհի Մարիաննան, որը երկար ժամանակ է՝ ստեղծագործական դադար է վերցրել, նոր է վերադարձել Արգենտինայից: «Zham.am»-ը երգչուհու հետ խոսել է դադարի պատճառների, հանգստի և անձնականի մասին:
Ձայնասկավառակս արդեն պատրաստ է
Բավական երկար ժամանակ է՝ դադար եմ վերցրել ստեղծագործական մասով, չեմ երևում եթերում, բայց չեմ դադարում աշխատել: Կան նոր երգեր, որոնց վրա աշխատում եմ, ձայնասկավառակս արդեն պատրաստ է, միայն թե չգիտեմ՝ երբ վերջնական տեսքի կբերեմ և կներկայացնեմ հանրությանը:
Պետք է մեկնեի ԱՄՆ, բայց նախընտրեցի Արգենտինա մեկնել
Արդեն 2 տարի է, ինչ չէր ստացվում հանգիստս պլանավորել, ինչի պատճառով էլ որոշեցի այս տարի անպայման ինչ-որ տեղ մեկնել: Ի սկզբանե որոշել էի ԱՄՆ մեկնել, բայց հետո ծրագրերը փոփոխվեցին և որոշեցի Արգենտինա մեկնել: Որոշումս պայմանավորված էր նաև նրանով, որ այնտեղ շատ բարեկամներ ունենք, որոնց մոտ էլ հյուրընկալվել եմ: Արգենտինա մենակ էի մեկնել: Հիանալի ժամանակ եմ անց կացրել: Ես դեռ երկար կհիշեմ այնտեղ անկացրած իմ մեկ ամիսը:
Արգենտինայում մտադրվել էի տեսահոլովակ նկարահանել: Երգը, որի հիման վրա պետք է նկարահանվեր տեսահոլովակը, նվեր է իմ շատ սիրելի Ռիչարդ Մադլենյանից: Տեսահոլովակը չնկարահանվեց մի քանի պատճառներով, նախ հանգամանքների բերումով այնտեղից վերադարձա նախատեսվածից շուտ, և հետո երգն ամբողջությամբ պատրաստ չէր, այն ինձ հասավ իմ վերադառնալուց 3 օր առաջ, այդ 3 օրում, ցավոք, չէի հասցնի ոչինչ անել: Բուենոս Աիրեսում ես գնացել էի Flavio Mendozayi «STRAVAGANZA» ներկայացմանը, ցնցող ներկայացում էր, պայմանավորվել էինք այդ ներկայացմանը պարող տղաների հետ, որպեսզի պարեին տեսահոլովակում: Ամեն ինչ պատրաստ էր, միայն ափսոսում եմ, որ չհասցրի միտքս իրագործել:
Հունվար ամսին ավարտում եմ ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան
Հիմա ավելի շատ զբաղված եմ ուսմանս հարցերով: Հունվար ամսին ավարտում եմ ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Իրականում շատ գաղափարներ և ծրագրեր ունեմ, որոնք մեծ սիրով կիրականացնեի, բայց, ցավոք սրտի, ինձ մոտ դադարներ վերջերս շատ են լինում, ուղղակի կյանքը միշտ սիրում է անակնկալներ մատուցել, որի արդյունքում ստիպված ենք լինում մեր պլանները թողնել և համակերպվել իրականության հետ: Բայց վստահ եմ՝ ամեն բան լավ է լինելու:
Անձնականում փոփոխություններ չկան, սիրտս դեռ ազատ է:
Zham.am