1in.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հանդես եկավ առաջարկով, որպեսզի ոչ թե պետական բյուջեն գումար հատկացնի Հանրային հեռուստառադիոընկերությանը, և վերջինս որոշի՝ ինչ մասնաբաժնով ինքն իր հաղորդումների վրա ծախսի այդ գումարը, այլ գոնե ԱԺ-ն հաստատի բյուջեն` իմանալով, թե որտեղ է այն օգտագործվելու, ինչ նպատակով: «Որովհետև ես դեմ կքվեարկեմ այն դեպքում, եթե իմանամ, որ այդ գումարի լուրջ տոկոսը գնալու է սերիալի, ռաբիսի վրա. մենք Հանրայինին ֆինանսավորում ենք պետական ծրագրեր և ինֆորմացիոն հաղորդումներ իրականացնելու համար»,- ասաց նա: 

Առաջարկին հակադարձեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ռուբեն Ջաղինյանը, ով նշեց, որ իրենք ուղղակի գումար չեն ստանում և որոշում՝ ինչպես օգտագործել, իրենք ունեն մոտեցումներ, և ըստ դրանց են դիմում: «Երբ մենք դիմել ենք 2014-ին մեր բյուջեի բարձրացման համար (661միլիոն 205 հազար դրամի մասին է խոսքը), այնտեղ կոնկրետ գրված է՝ որ ուղղություններով, ինչ գումարի մասին է խոսքը: Հետևելով Հանրայինին` փոփոխությունները կտեսնեք: Մենք չենք կարող ողջ գումարը տրամադրել սերիալի կամ ռաբիզի, որի մասին դուք այդքան սիրում եք խոսել»,- ասաց նա: 

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը տեղից միջամտեց՝ նշելով, որ նրանք, ովքեր դժգոհում են, պիտի որ հետևեն Հանրայինի աշխատանքին: Նա ասաց, որ ինքն անձամբ հետևում է, դրական առաջընթաց է նկատել Հանրային հեռուստատեսությունում: Ջաղինյանն էլ իր հերթին նշեց, որ ըստ այս բյուջեի նախագծի՝ իրենք ֆինանսավորում են ոչ թե ծրագրերը, նախագծերը, այլ հեռուստահաղորդումներ, հրատարակչություններին, խմբագրություններին, պետբյուջեից որոշակի գումար են տալիս հեռուստահաղորդումների համար, սակայն իրենք կարող են դրանք մասնատել և ասենք 50 տոկոսը տալ սերիալներին: 

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանն էլ նշեց, որ իրենց կառույցը կարգավորող մարմին է, իրենք ծրագրային և բովանդակային առնչություն չունեն հեռուստատեսությունների քաղաքականության, ինչպես նաև՝ մամուլի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել