Հերթական Էլ Կլասսիկոն շատ սպասված էր: Շատ, անգամ Կլասսիկոների համեմատ: Եվ հարցն այստեղ միայն այն չէ, որ վերջին շրջանում այս 2 թիմերի հանդիպումներն այնքան հաճախ էին, որ երկրպագուներից շատերը եթե ոչ հոգնել, ապա գոնե սովորել էին մշտական Էլ Կլասսիկոներին: Իսկ այսպիսի հանդիպումը երբեք չպետք է սովորական դառնա: Սակայն 2013/2014 մրցաշրջանի առաջին Էլ Կլասսիկոն առանձնահատուկ էր այլ պատճառով: Այն նոր էջ է բացում ֆուտբոլային ամենահայտնի հակամարտության պատմության մեջ` շնորհիվ 2 թիմերի կազմում տեղի ունեցած լուրջ թարմացումների: Այդ մասին վկայում է նաեւ որոշ կայքերում հայտնված նախախաղային աֆիշան: Մինչ «Մեսսի-Ռոնալդու» ժամանակաշրջանը այդ աֆիշան այսպիսի տեսք էր ունենում:
Իսկ վերջին տարիներին այն, իհարկե, այսպիսին էր:
Եվ ահա՛, թե այն ինչպիսին էր ընդամենը մի քանի օր առաջ կայացած խաղից առաջ:
Սակայն այս Կլասսիկոյին մյուսներից առանձնացնող եւս մեկ հանգամանք կա: Դա 2 թիմերի, 2 նորանշանակ մարզիչներն են: Իսկ այս ճակատամարտում, հաշվի առնելով այսպիսի կարգի հանդիպումների ահռելի փորձը, նախապատվությունը տրվում էր Անչելոտիին: Սակայն Կամպ Նոույում կայացած խաղը ցույց տվեց, որ իտալացին դեռ ամբողջովին չի կազմավորել իր թիմը, թեեւ այդ ճանապարհին է: Մոուրինյոյի ժամանակաշրջանում ստեղծված բազում խնդիրների լուծումը դեռ ժամանակ է պահանջում, անգամ Կառլոյի պես փորձառու եւ բազմաթիվ գերաստղերի հետ աշխատած պրոֆեսիոնալի համար: Այդ խնդիրներից առաջինն ու թերեւս ամենաշոշափվողն, իհարկե, դարպասապահի հարցն է: Ռեալի հատկապես վաղեմի եւ նվիրված երկրպագուները մինչ օրս էլ չեն կարողանում հաշտվել Կասսիլյասին պահեստային նստարանին տեսնելու մտքի հետ, թեեւ նրանցից շատերն արդեն իսկ ենթագիտակցաբար հասկանում են, որ ամեն դեպքում Լոպեսն էլ իրենց թիմի պատիվը գետնով չի տալիս: Բնականաբար այստեղ հարցն այն չէ, թե որքանով է Կասիլյասը Լոպեսից լավը, կամ` հակառակը: Այստեղ խոսում է թիմի լեգենդի հանգամանքը, որին երկրպագուները ցանկանում են տեսնել խաղադաշտում: Անչելոտին մասամբ լուծեց Մոուրինյոյի ստեղծած խնդիրը` 2 հզոր դարպասապահների բաշխելով 2 առաջնությունների վրա: Սակայն դեռ պարզ չէ, թե որքանով է այդ որոշումը ճիշտ եւ շահեկան: Գաղտնիք չէ, որ գերակումբների համար` հատկապես Ռեալի տրամաչափի, առաջնայինը Չեմպիոնների Լիգան է, առավելեւս որ մրցաշարի ամենատիտղոսակիր թիմը 10 տարուց ավել մնում է առանց այդ գավաթի: Եվ այսպիսի պարագայում դեռ պարզ չէ, թե ինչի կհանգեցնի տարվա մեծ մասում խաղային պրակտիկայից զուրկ դարպասապահին ամենակարեւոր խաղերին դարպասը վստահելը: Հիմա, երբ թիմերը դեռ խմբային փուլում են, Ռեալը հաղթում է, սակայն փլեյ-օֆֆի սկսվելուն պես ահեղ մրցակիցները չեն հապաղի` օգտագործելու բոլորի համար ակներեւ դարձած Ռեալի թույլ տեղը: Եվ որքան էլ այդ թույլ տեղը ինքը` Իկեր Կասիլյասն է, այդուհանդերձ, անգամ նրա համար է դժվար լինելու առանց Պրիմերայի խաղերի փորձի նույն մակարդակով խաղալը: Թեեւ, հաշվի առնելով, թե ով է Կասիլյասը, նրա համար համեմատաբար հեշտ կլինի, սակայն միայն դա հարցի լուծում չէ: Այս ամենն, անկասկած, եւ շատ ավելի վաղ հասկացել է նաեւ Կառլո Անչելոտին, ով գալով Մադրիդ, ստիպված եղավ մեկ պարզ ճշմարտություն ընդունել, այն է, որ այստեղ եթե ոչ ամեն ինչ, ապա գլխավոր խնդիրները լուծվում են պարոն Պերեսի անմիջական միջամտությամբ, ինչի հետ Անչելոտին ստիպված եղավ հաշտվել: Նրա համար դա որոշակի հեշտ եղավ, քանի որ ժամանակին նա աշխատել էր Ռոման Աբրամովիչի թիմում: Վարկած կա, որ եթե ամեն ինչ Անչելոտիի կամոք լիներ, ապա թիմը 100000000 չէր վճարի մի ֆուտբոլիստի տրանսֆերին, ում համար ինքը` Անչելոտին, արդեն երկար ժամանակ է չի կարողանում ճիշտ տեղ գտնել խաղադաշտում: Եվ եթե Անչելոտիին վստահվեր թիմի լիարժեք ղեկավարումը, ապա գուցե այնտեղ մնար Կական, ում Անչելոտին, իհարկե, գիտի ինչպես ճիշտ «տեղավորել» դաշտում: Ռեալում իրոք խնդիրներ կան անգամ Մոուրինյոյի հեռանալուց հետո, սակայն հուսադրող է, որ թիմի ղեկը ստանձնել է այդ խնդիրները լուծելու ունակ անհատ, ում համար դա միայն ժամանակի խնդիր է, եթե իհարկե նրան լիարժեք վստահություն հատկացվի վերադասի կողմից: Իսկ իր ոխերիմ մրցակցից նրա իսկ տարածքում 1-2 հաշվով կրած պարտությունը ամենեւին էլ ողբերգական չէ, թեեւ այս թիմերից յուրաքանչյուրի համար էլ մշտապես տհաճ է այս խաղերից յուրաքանչյուրում կրած պարտությունը:
Ինչ վերաբերում է Բարսելոնային, ապա որքան էլ զարմանալի էր, Խերարդո Մարտինոն, համենայն դեպս թվացյալ հեշտությամբ, կարողացավ պահպանել թիմի հաղթական տեմպը: Կապտանռնագույնների երկրպագուների համար ուրախալի է նաեւ այն, որ արգենտինացին, ի տարբերություն իր նախորդի, ուղղակի չշարունակեց Գուարդիոլայի եւ Ռայկարդի ստեղծած մեքենան աշխատեցնելուց, այլ դրան ավելացրեց նոր ագրեգատներ, այլ կերպ ավտոաշխարհի լեզվով ասած, այն «Ֆեյս լիֆթի» ենթարկեց: Խոսքը նրա մասին է, որ Մարտինոյի օրոք լուրջ ծագում ապրեց եւ վառ երանգներ ձեռք բերեց Ալեքսիսի խաղը, ով Կատալունյայում հայտնվելուց ի վեր հազվադեպ է հիշեցրել ինքն իրեն Ուդինեզեյում խաղալիս: Իսկ Լոպեսին խփած նրա գեղեցուհի գոլը` դա հերթական անգամ հաստատեց: Ինչպես երեւում է, Մարտինոն որոշակի ազատություն է տվել նաեւ Սեսկին, ով եւս սկսել է հիշեցնել Արսենալի վաղեմի առաջատարին: Դրան գումարենք նաեւ Նեյմարին, ով շարունակում է շատ մասնագետների ապացուցել, որ Եվրոպայում եւս կարող է խաղալ, եւ ակնհայտ կդառնա, թե ինչու է թիմը շարունակում հաղթել:
Հենց սա է այս 2 թիմերի այսօրվա գլխավոր տարբերությունը: Օրինակ`Բարսելոնան մի քանի ամիս առաջ հերթական անգամ երկարաձգեց պայմանագիրն իր ավագի` Կարլես Պույոլի հետ, այլ ոչ թե` պատճառաբանելով որ նա արդեն 35 տարեկան է, նրան ուղարկեց Շալկե, որտեղ նա անկասկած կշարունակեր բարձրակարգ ֆուտբոլ խաղալ ;-) Թիմը շարունակում է շեշտը սեփական կադրերին «աճեցնելու» վրա դնել` միաժամանակ չմոռանալով կարեւոր ձեռքբերումների մասին: Օրինակ`Մադրիդցիների մեկնարկային կազմում ընդամենը 1 ֆուտբոլիստի կարելի էր թիմի հիմքերից մեկն անվանել: Դա Մարսելոն է, ով թեեւ Ռեալի մանկապատանեկան թիմից չի եղել, սակայն, ժամանակին, Ռոբերտե Կառլոսի միջամտությամբ Ֆլումինենսեյից գնվել է հենց մանկապատանեկան թիմի սկզբունքով, այսինքն` երիտասարդ կադր, որը տարիներ անց կդառնա թիմի շարժիչ ուժերից մեկը, ինչն էլ բրազիլացին առայժմ անում է: Իսկ ահա՛, Բարսելոնայի սաների քանակն անցած էլ Կլասսիկոյում կեսից ավելին էր, ավելի կոնկրետ` 7-ը(Վալդես, Պիկե, Բուսկետս, Ինյեստա, Չավի, Ֆաբրեգաս եւ Մեսսի): Հենց սա է այս 2 գրանդների այսօրվա գլխավոր տարբերությունը: Ռեալն իրոք պետք է շեշտը դնի ոչ թե մեկը մյուսի ետեւից տրանսֆերային ռեկորդներ խփելու, այլ` այնպիսի ֆուտբոլիստների ստեղծման վրա, որոնք տարիներ անց կկարողանան այդ նույն շուկայի ամենաթանկարժեքներից դառնալ: Բարսելոնայի սկզբունքի ճշմարտացի լինելն ապացուցում է նաեւ Մյունխենի Բավարիան, ով թվում է, թե այսօր թույլ տեղ չունի, քանի որ այնպես է խաղում, որ մինչ մրցակիցն իր թույլ տեղը գտնում է, արդեն շա~ատ ուշ է լինում: Բարսելանոյի ֆուտբոլիստներն այդ մասին արդեն լավ գիտեն: Եվ այնուամենայնիվ, եթե Կարլո Անչելոտին կարողանա լուծել թիմի ներքին խնդիրները, ապա Բարսելոնայի համար կարող են ծանր ժամանակաշրջաններ սկսվել: