1in.am-ը գրում է.
Հնդկաստանի 58-ամյա բնակիչ Ռամ Սինգհ Չաուհանն ունի ամենաերկար բեղերն աշխարհում: Դրանց երկարությունը 4 մետր 26 սմ է:
Ռաջաստան նահանգում ծնված Չաուհանն ասել է, որ իր բեղերն իր համար ամենաթանկագին բանն են:
Տղամարդուց 32 տարի է պահանջվել դրանք աճեցնելու համար: Իսկ այժմ դրանց խնամքի վրա նա ծախսում է օրական 2 ժամ:
Բեղերի շնորհիվ Ռամը նույնիսկ խաղացել է Octopussy ֆիլմում, գրում է Mail Online-ը:
«Ես չեմ սափրել իմ բեղերը 1970-ից ի վեր: Դրանք իմ հպարտության առարկան են և ինձ համար հարգանք են ապահովում: Հին Հնդկաստանում բեղերն ամեն ինչ էին: Դրանք անգին են»,- ասել է Չաուհանը:
Չաուհանը, ում «սխրանքը» գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, դեռևս շարունակում է աճեցնել բեղերը, սակայն վերջին տարիների ընթացքում դրանց աճը դանդաղել է:
Մի քանի տարի առաջ հնդիկը գերմանական «Բեղ ու մորուքի ակումբի» անդամ է դարձել: