Hetqa.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ստրասբուրգում հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Կողմերը քննարկեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը  եւ Հայաստան- Եվրախորհուրդ համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի նախագահության շրջանը եւ, մասնավորապես, տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված միջոցառումների անցկացումը:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Հայաստանի նախագահությանը ցուցաբերած աջակցության համար` ընդգծելով, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությանը:  Նա նաեւ բարձր գնահատեց ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ աշխատանքը. «Պատահական չէ, որ Հայաստանը տեղական ժողովրդավարությունը հռչակեց որպես իր նախագահության առաջնային ուղղություններից մեկը, եւ այդ գերակայության շրջանակում նախատեսված միջոցառումները կազմակերպեց ու անցկացրեց Կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Այն միջոցառումները, որոնք մենք նախատեսել էինք տեղական ժողովրդավարության ոլորտում, հաջողությամբ անցկացվել են՝ առիթ դառնալով հետաքրքիր եւ բովանդակալից քննարկումների»:

Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի, ինչպես նաեւ ծրագրի՝ տեղական ժողովրդավարությանը վերաբերող 3 նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: 

Քննարկվեցին նաեւ Հայաստանի տեղական ժողովրդավարության վերաբերյալ զեկույցի պատրաստման հետ կապված հարցեր: Այդ նպատակով նոյեմբերին Հայաստան կժամանեն Կոնգրեսում Հայաստանի հարցերով զեկուցողները: Երկուստեք նշվեց, որ 2003թ. ընդունված զեկույցից հետո Հայաստանում տեղական ժողովրդավարության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ են իրականացվել՝ հիմք ընդունելով ինչպես Կոնգրեսի առաջարկությունները, այնպես էլ ԵԽ համապատասխան կոնվենցիաների պահանջները:      

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում ՏԻՄ-երի վերջին երկու ընտրություններին, որոնց դիտորդական առաքելությամբ մասնակցում էին նաեւ Կոնգրեսի պատվիրակությունները: Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ  դիտորդական առաքելության զեկույցը կքննարկվի այսօր աշխատանքներն սկսած Կոնգրեսի 25-րդ նստաշրջանում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել