Շա՜տ երկար ժամանակ է ինչ ուշադիր հետևում եմ, թե մարդիկ խոսելիս ինչպես են կատարում հոմանիշների ընտրությունը: Հազար անգամ համոզվել եմ, որ նման ընտրության առջև կանգնած մարդկանց մեծագույն մասը նախապատվությունը տալիս է այն հոմանիշին, որը ավելի «գրքային» է ու խոսակցական լեզվում սակավադեպ է: Այս միտումն էլ է լեզուն ջերմոցի վերածում: 
Կքննեմ մի շատ տիպական օրինակ, որին հատկապես ուշադիր եմ հետևել ու հետևում. ԳԵՂԵՑԻԿ և ՍԻՐՈՒՆ: Երկուսն էլ բնիկ հայկական են, երկուսն էլ շատ սիրուն են: Բայց մարդիկ, գրական-ստանդարտ ոճում, ակնհայտորեն խուսափում են ՍԻՐՈՒՆ-ից: Հեռուստացույցով կամ այլ հրապարակային դաշտում շատ քիչ եմ հանդիպում ՍԻՐՈՒՆ-ին: Հատուկ հետևել եմ հատկապես բազմաթիվ ծանոթներիս. առօրյա խոսակցականում (գրեթե) ՄԻՇՏ գործածում են ՍԻՐՈՒՆ-ը, բայց հենց մի հավաքույթում են հայտնվում կամ կենաց են ասում կամ մտավորականների միջավայրում են զրուցում (դե` պաշտոնական հարցազրույց-բանի մասին էլ չեմ ասում), համարյա պարտադիր գերադասում են ասել ԳԵՂԵՑԻԿ: 

Երկուսն էլ. 1) հայակազմ են. 2) բնիկ հայարմատ են. 3) վկայված են գրականության մեջ ոսկեդարյան փուլից սկսած. 4) արդի գրական-ստանդարտ լեզվում ամրագրված են` ակադեմիական և այլ բառարաններ ևն. 5) հրաշալի բառեր են, կարճ ու սիրուն:

Ուրեմն` որտեղի՞ց է գալիս այս հիերարխիկ խտրականությունը: Պատասխանը, գոնե ինձ համար, պարզ է: ՍԻՐՈՒՆ բառը կենդանի ու լայնորեն գործածական է արդի խոսակցական լեզվում և հայերենի արևմտյան ու արևելյան բարբառներում (Համշեն, Տիգրանակերտ, Թիֆլիս, Արարատյան, Ղարաբաղ, Ագուլիս և այլն): Նույնիսկ Ադանայի թրքախոս հայերն են այդ բառը պահպանել: Իսկ ԳԵՂԵՑԻԿ-ը բարբառներում կենդանի չէ ու խոսակցականում շատ քիչ է գործածական: Հետևաբար այն ավելի շատ գիտակցվում է որպես «գրքային» ու… «ավելի գրական կամ ավելի գրագետ»: Այստեղից էլ մարդկանց նախապատվությունը…  

Իհարկե, անձնական ընկալման հարց էլ կա. ոմանց համար ԳԵՂԵՑԻԿ բառի հնչողությունը կարող է ավելի ախորժելի լինել: Սակայն ընդհանուր առմամբ ասածս միտումը անպայման կա. մանավանդ որ, կրկնում եմ, նույն մարդիկ, ըստ միջավայրի, խտրականություն են ցուցաբերում. անկաշկանդ միջավայրում ինքնաբերաբար ՍԻՐՈՒՆ են ասում, իսկ ավելի ձիգ մթնոլորտում, երբ պետք է ավելի գրագետ երևալ, գործածում են ԳԵՂԵՑԻԿ-ը: 

Իսկ ես ՍԻՐՈՒՆ-ն եմ գերադասում: Դե` երկուսն էլ շատ եմ սիրում: Բայց… ԳԵՂԵՑԻԿ-ը բյուրեղապակյա նուրբ ու չքնաղ վազ է, որը դնում եմ դարակի վրա, նայում եմ ու ու հիանում. ձեռք շատ չեմ տա, քանի որ սովոր չեմ, վախենում եմ` գցեմ կոտրեմ, բռնակն ու բերանը հարմար չեն գործածության համար… Իսկ ՍԻՐՈՒՆ-ը պարզ, ճաշակով, հարմարավետ ու տնական բաժակ է, ամեն օր ջուր եմ խմում նրանից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել