1in.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր փողոցներում իրականացվում է վթարված և չգործող լուսացույցների ու ճանապարհային նշանների գույքագրում՝ համապատասխան կազմակերպությունների կողմից դրանք վերականգնելու և նորերով փոխարինելու նպատակով: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ 2013 թվականի հունվարից լուսացուցային տնտեսության արդիականցման աշխատանքների շրջանակում ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության կողմից համակարգվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը լուսադիոդային ժամանակակից նոր լուսացուցային օբյեկտներով է վերազինել մայրաքաղաքի թվով 10 խաչմերուկ։ Մասնակի վերականգնման աշխատանքներ են կատարվել 12 խաչմերուկում, որտեղ տեղադրված լուսացույցները կոտրվել և վթարվել էին այս կամ այն պատճառով: 10 նոր լուսացուցային օբյեկտներով են կահավորվել նաև որոշ ճանապարհահատվածներ և խաչմերուկներ, որոնցում մինչ այդ լուսացուցային կարգավորում կիրառված չի եղել։

Զուգահեռ իրականացվում են նաև ճանապարհային նշանների վերականգնման, նորերով կահավորման և փողոցների գծանշման աշխատանքները:

Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում մայրաքաղաքում տեղադրվել է ընդհանուր առմամբ 1559 նոր ճանապարհային նշան, որից միայն 40-ը՝ նախորդ շաբաթվա ընթացքում: 

Գծանշման աշխատանքների շրջանակում կատարվել է ավելի քան 1 միլիոն 700 հազար գծամետր գծանշում։ Ի դեպ, նշենք, որ քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում ինչպես հիմնանորոգվող փողոցների սեղմ ժամկետում գծանշմանը, այնպես էլ երկրորդական և երրորդական փողոցներում, կրթական և առողջապահական հաստատությունների հարակից տարածքներում համապատասխան աշխատանքների իրականացմանը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել