1in.am-ը գրում է.
Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշել է, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային առնչություններով և Հայաստանը մեծապես կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը:
Արտգործնախարարը հավելել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտին իր պաշտոնական այցելությունը Աթենք և հանդիպումը Դմիտրիս Ավրամոպուլոսի հետ որպես Հունաստանի ԱԳ նախարար ու գոհունակությամբ նշել է, որ այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում:
Հունաստանի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ շատ բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները։ Նա ասել է, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայ և հույն ժողովուրդները միասնաբար պայքարել են օտարերկրյա նվաճողների դեմ։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ քաղաքական և ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը: