1in.am-ը գրում է.

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ACGRC) և Ստեֆան Բատորիի անվան հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ և հետո» խորագրով գիտաժողովը: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ նկատելով, որ համաձայնագրերը կքննարկվեն ՀՀ ԱԺ-ում: Բանախոսը հույս հայտնեց, որ ՀՀ ԱԺ-ում համաձայնագրերի քննարկման վերջնարդյունքում դրանք ուժի մեջ կմտնեն և մեծ շահ կբերեն ՀՀ քաղաքացիներին, որոնք այլևս քիչ խոչընդոտներ կունենան Եվրոպայում կարճաժամկետ պայմաններով ճամփորդելիս: 

Ըստ նրա՝ նոր կանոնների ուժի մեջ մտնելուն պես վիզաների տրման որոշումներն ավելի արագ կկայացվեն՝ մինչև 2 օրվա ընթացքում, մինչև 35 եվրոյով, և ավելի քիչ բյուրոկրատական քաշքշուկներ կլինեն: Տրայան Հրիսթեայի խոսքով` ուսանողների, գործարարների, լրագրողների և մի շարք այլ խմբերի համար կլինեն շատ լավ պայմաններ, այդ թվում՝ պարզեցված է նաև բազմակի վիզա ստանալու գործընթացը: 

«Այս նոր կանոնները կխթանեն ԵՄ-Հայաստան համագործակցությունը, երկու պայմանագրերն էլ շատ կարևոր են անմիջական հաղորդակցման, անվտանգ միջավայրի համար: Կօգնեն այլ ոլորտներին ևս, ինչպիսին առևտրի ոլորտի զարգացումն է: ԵՄ-Հայաստան վիզաների երկխոսության փաթեթի գնահատականը կլինի այդ երկխոսության մեկնարկի առաջին քայլը: 

Կան որոշ այլ կարևոր բարեփոխումներ ու պայմաններ ևս, ինչպիսիք են արդարադատության, ազատության, անվտանգության ոլորտներում բարեփոխումները, որոնց խնդիրները կարող են ազդել վիզաների ազատականացման գործընթացի երկխոսության մեկնարկի վրա: Մարդկանց շարժունակության մեծացումը շատ կարևոր է»,- նման տեսակետ հայտնեց բանախոսը: 

Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Մինասյանն իր հերթին հույս հայտնեց, որ ԱԺ-ն այն կվավերացնի, և լավ հեռանկարներն իրականություն կդառնան: Գիտաժողովը շարունակվում է: Գիտաժողովին մասնակցում են ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքական վերլուծաբաններ, որոնք հնարավորություն կունենան իրենց խոսքն ավելի ուշ ասել: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Եվրոպական խորհրդարանը հավանության էր արժանացրել այցագրերի դյուրացման համաձայնագիրը, որը ՀՀ քաղաքացիներին թույլ կտա ավելի քիչ խոչընդոտների հանդիպել ԵՄ երկրներ կարճաժամկետ ճանապարհորդություններ կատարելիս: Միևնույն ժամանակ ԵԽ-ն հավանության էր արժանացրել ռեադմիսիայի համաձայնագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել