1in.am-ը գրում է.
Ընդդեմ այլասերման հանդես եկող լրագրողների խումբը պատրաստվում է գենդերային հավասարության մասին օրինագծի վերաբերյալ մի շարք հարցադրումներ ներկայացնել ՄԻՊ Կարեն Անդրեասյանին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց լրագրող Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ օրենքի այդ նախագիծը այլասերվածության և խայտառակության վերջին մակարդակն է:
«Կառավարության առաջարկած փոփոխությունները մեզ չեն բավարարում: Օրինագծից որոշ հասկացություններ հանելը խնդիրը չի լուծում, խնդիրը կլուծվի, եթե «գենդերային» բառը օրինագծից առհասարակ հանվի: Բնականաբար, ոչ մեկը դեմ չի լինի, եթե կանայք ու տղամարդիկ հավասար հնարավորություններ ու իրավունքներ ունենան կենսաբանական, բայց ոչ սոցիալական սեռի դիտարկմամբ»,- ասաց լրագրողը:
Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվելիք հարցաշարը և կոչը կհրապարակվեն առաջիկայում: Նրա կողմից սահմանված ժամկետում պատասխան ստանալուց կամ չստանալուց հետո էլ կորոշեն հետագա անելիքների մասին:
Ասուլիսի մյուս բանախոս, լրագրող Աստղիկ Սուքիասյանն էլ իր հերթին նկատեց, որ ՄԻՊ-ը ցանկանում է սկուտեղի վրա մատուցել այս խայտառակ օրենքը: «Մենք նման բան թույլ չենք տա, սա անթույլատրելի է: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները այլասերվածության արժեհամակարգում մեծանան: Մենք ուզում ենք նրանց հայեցի դաստիարակել»,- ասաց նա: