Tert.am-ը գրում է.
«Kicker»-ի հայտնի լրագրող Տոմաս Հենեկեն «Sport-express»-ին տված հարցազրույցում կիսվել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին իր կարծիքով, ով Բունդեսլիգայի վերջին տուրի «Շալկե»-«Բորուսիա» խաղում (1:3) դարձել էր իր թիմի հերոսը՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
- Յուրգեն Կլոպը հանդիպումից հետո հայտարարեց, որ երրորդ գնդակը համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր մակարդակի գոլ էր: Անբացատրելի է, թե ինչպես «Միկին» (Մխիթարյանին Գերմանիայում հենց այդպես են կոչում-խմբ.) կարողացավ այդպես առաջ անցնել: Համաձա՞յն եք նման գնահատականի հետ:
-Լիովին: Մխիթարյանը ֆանտաստիկ անցում կատարեց. գնդակն ընդունելով սեփական տուգանային հրապարակի մատույցներում՝ նա 70-80 մետր վազեց և այդ ընթացում շրջանցեց «Շալկեի» 3 պաշտպանների ու վերջնամասում տեսնելով Բլաշիկովսկուն՝ կատարեց ճշգրիտ փոխանցում: Հրաշալի է: Պետք է հաշվի առնել նաև, որ դա խաղի վերջնամասն էր: Ստացվում է, որ ֆուտբոլիստը հրաշալի է ֆիզիկապես պատրաստված:
Եվ դա բնական եմ համարում: Մխիթարյանի հետ ունեցած առաջին զրույցի ժամանակ նա ինձ ասաց, որ դիմացկունության տեսանկյունից կանի ամեն հնարավորը, որ դառնա լավագույնը: Նա կատարեց իր խոստումը: Հենրիխը 82-րդ րոպեին վազում էր այնքան, որքան դա անում էր 15-րդ րոպեին: Նա ֆենոմեն է, ֆուտբոլային ադամանդ:
- Մխիթարյանը Բունդեսլիգայի, Չեմպիոնների լիգայի և Գավաթի խաղարկությունում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 12 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ: Ինչ՞ եք մտածում նրա արդյունավետության մասին:
- Կարծում եմ, որ դա լավ արդյունք է: Ուկրաինայի առաջնությունում նա շատ էր գոլերի ու գոլային փոխանցումների հեղինակ էր դառնում: Այդ ամենը հաշվի առնելով, Գերմանիայում նրանից ակնկալիքներ կային: Սակայն այն փաստին, որ նա այսքան արագ կկարողանա հարմարվել աշխարհի ամենաուժեղ առաջնություններից մեկի մակարդակին, ոչ բոլորն էին հավատում: Կարծում եմ, որ մինչ այժմ նա իր գործը հիանալի է կատարել: Եղավ 2-3 հանդիպում, երբ նա այնքան էլ տեսանելի չէր խաղադաշտում, սակայն ընդհանուր 3 ամիսների ընթացքում կիսապաշտպանը «Բորուսիայում» հիանալի խաղաց:
- Կարելի՞ է ասել, որ նա ամբողջովին հարմարվել է «Բորուսիային»:
- Այո: Եվ դա շատ արագ է կատարվել: Հետևել եմ «Բորուսիայի» մինչմրցաշրջանային հանդիպումներին: Այնպիսի տպավորություն էր, որ Մխիթարյանն արդեն մի քանի տարի է, ինչ խաղում է գերմանական թիմի կազմում: Այո: Նրա բախտը մի փոքր չբերեց և վնասվածք ստացավ, որի պատճառով մի քանի շաբաթ ստիպված եղավ բաց թողնել, սակայն հավատացեք, որ Դորտմունդում գրեթե յուրաքանչյուր նորեկի մոտ նման բան լինում է:
- Ի՞նչ էք կարծում, նա երջանի՞կ է «Բորուսիայում»:
- Կարծում եմ՝ այո: Ամեն օր նրա հետ չեմ շփվում, սակայն չեմ մտածում, որ Մխիթարյանը ցանկանում է ինչ-որ տեղ հեռանալ: Հանդես է գալիս գերմանական հեղինակավոր ակումբում, որը պայքարում է Բունդեսլիգայի և Գավաթի խաղարկությունների չեմպիոնության համար, ինչպես նաև լուրջ դերակատարում ունի Չեմպիոնների լիգայում: Եվ այդ ամենի հետ մեկտեղ, Հենրիխը հիմնական կազմի խաղացող է: Չեմ կարող պատկերացնել, որ Մխիթարյանը երջանիկ չէ:
- Յուրգեն Կլոպը, հավանաբար, գոհ է նրանից:
- Անկասկած: Կլոպը, «Բորուսիայի» գործադիր տնօրեն Վատցկեն, մարզական տնօրեն Ցորկը և բոլորն ակումբում շատ գոհ են Հենրիխից: Կլոպը նրան նույնիսկ «թիմի զենք» է անվանել, քանի որ Մխիթարյանը շատ արագ է, հիանալի տեխնիկա ունի և ուժեղ է գրոհները եզրափակելու հարցում: Նրան սիրում են՝ որպես անձնավորության, ով շփվող է, միշտ լավ տրամադրություն ունի: Կարծում եմ, որ դորտմունդյան ակումբի ղեկավարներից ոչ ոք չի զղջացել նրա տրանսֆերի համար վճարած 26-27 միլիոն եվրոյի համար:
- Շատերը կարծում են, որ Մխիթարյանին հրավիրել են «Բորուսիա»` որպես Մարիո Գյոտցեի փոխարինող: Նորեկը կատարե՞ց իր առջև դրված խնդիրները:
- Կարծում եմ` այո: Սակայն, նրա խաղաոճն ուրիշ է: Իմ կարծիքով, Գյոտցեին և Մխիթարյանին համեմատելը սխալ է: Միկկին (Մխիթարյանը- խմբ.) ավելի սուր է և վտանգավոր մրցակցի դարպասի մոտ, իսկ Գյոտցեն, հնարավոր է, ավելի լավ է իրեն զգում մրցակիցների շրջափակման մեջ: Կարելի է ասել հետևյալը. «Բորուսիան» այդ դիրքի համար հիանալի խաղացող գտավ: Դորտմունդում ոչ ոք չի խոսում Գյոտցեի մասին: Ոչ ոք այլևս նրա համար չի լացում: Գյոտցեի շրջանը, կարելի է ասել ավարտված է, սկսվել է Մխիթարյանի շրջանը: Այո, Գյոտցեն հիանալի ֆուտբոլիստ է, լավ տղա, սակայն, հիմա այդ դիրքում խաղում է մի ֆուտբոլիստ, ով նույնքան լավն է: Խաղացող, ով խաղադաշտում կարող է ամեն ինչ անել, գործում է բարձր արագությամբ, լավ է վերահսկում գնդակը և հասկանում խաղը:
- Մխիթարյանը Դորտմունդում առաջընթաց կգրանցի՞ ապագայում:
- Հենրիխը դեռ երիտասարդ է: Իմ հետ առաջին հարցազրույցում նա ասաց, որ պետք է միշտ սովորի, խաղադաշտից դուրս` ևս: Ասում էր, որ երբ վերջացնում է այս կամ այն դասընթացը, միանգամից անցնում է մյուսին: Նա ասաց, որ ով դադարում է սովորել, նա, մեծ հաշվով, դադարում է ապրել: Հենրիխն ընդգծում էր նաև, որ անընդհատ աշխատելու է՝ առաջընթաց գրանցել և երբեք չի բավարարվելու ձեռքբերածով: Դա շատ լավ և պրոֆեսիոնալ մտադրվածություն է:
- Մխիթարյանը տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին, պորտուգալերենին և, բնականաբար, իր մայրենի լեզվին՝ հայերենին: Հետաքրքրիր է, որքա՞ն է նրա իմացությունը գերմաներենի հետ կապված:
- Մարզումների ժամանակ, թարգմանիչը միշտ ներկա է, բայց Հենրիխն աշխատում է գերմաներեն սովորելու ուղղությամբ: Որքան գիտեմ, նա շաբաթական երկու անգամ պարապում է մասնագետի հետ: Բայց, առայժմ, բնականաբար, այդքան չի տիրապետում գերմաներենին, որպեսզի այդ լեզվով հարցազրույց տա: Հենրիխը խոսում է հինգ լեզուներով, վստահ եմ, որոշակ ժամանակ հետո, նա իր լեզվական իմացությանն ավելացնելու է ևս մեկով՝ գերմաներենով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ