Ուրախալի է, որ վերջապես մարդիկ անդրադառնում են, որ աղանդները չեն հայտնվել հենց այնպես, այլ նրանք հայտնվել են կործանելու համար մարդկային հոգիները, կերպարը, էությունը։ Վերացնելու նրանց մեջ ազգայինի գիտակցությունը
և մարդուն զոմբիացնելով դարձնելու անորոշության դրոշակակիր։ Շնորհավորում եմ հոգեբան տիկին Իրինա Ծատուրյանին, որը մանրակրկիտ վերլուծականով վեր է հանել աղանդավորական շարժումներում հայտնված մարդկանց հոգե-բարոյական վիճակի շեղումները։ Կարդացեք և մտածեք, թե իրականում աղանդը դա փրկության ճամբան է, թե՝ կորստյան…
Ուրախ կլինեմ ձեր տրամաբանված արձագանքները կարդալու։

ՄԱՐԴԻԿ ՎԱԽԵԼՈՒ ԵՆ ԱՂԱՆԴՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼ. 
ՈՎ ԳՈՒՇԱՑՎԱԾ Է, ՆԱ ԶԻՆՎԱԾ Է
ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում վերոնշյալ հարցին պատասխանեց մասնագետը` հոգեբան Իրինա Ծատուրյանը:
«Մի քանի պատճառներ կան,- ասաց Իրինա Ծատուրյանը:- Մարդն իրեն զգում չհասկացված, ունի ներանձնային պրոբլեմներ, սոցիալական խնդիրներ, նա միայնակ է կամ ֆիզիկապես, կամ զգում է իրեն միայնակ: Երբ որ սկսվեց աղանդավորական շարժումը Հայաստանում, ունեինք սոցիալապես ծանր վիճակ, իրենք տրամադրում էին ուտելիք, հագնելիք, և մարդիկ գնում էին այնտեղ: Այդպես սկսվեց այդ շարժումը»:
Քույրերի, եղբայրների միջավայրում մարդկանց մխիթարություն խոստացողներն այն ժամանակ էլ, հիմա էլ ակտիվ են հատկապես մարզերում, այն գյուղերում, որտեղ մարդկանց սոցիալական վիճակն ավելի ծանր է:
«Աղանդը մարդկանց զոմբիացնելու ստորագույն լծակներից մեկն է, ուղեղները լվացած մարդը դառնում է գործիք,- ասաց հոգեբանը:- Ո՞Ւմ է պետք աղանդը. մի խումբ մարդկանց, որոնք ձգտում են իշխանության… Այստեղ մարդ արարածը ոչնչանում է, նա դառնում է զոմբի: Աղանդ մտնելը մի խնդիր է, աղանդից դուրս գալը բոլորովին այլ և շատ ծանր խնդիր է: Դե, մենք աշխատում ենք աղանդից դուրս եկած մարդու հետ: Գիտեք ինքն ինչու դուրս չի գալիս, նա վախենում է, որովհետև իրեն այնքան են վախեցրել, որ այսպես կլինի, այնպես կլինի: Այսինքն` ինքն, իբրև անհատականություն, արդեն ոչնչանում է: Արտասահմանում և Ռուսաստանում կառուցվել են վերականգնողական կենտրոններ, որովհետև այնտեղ շատ է ուղղակի ժողովուրդը, մասշտաբներն ավելի մեծ են»:
Ըստ Իրինա Ծատուրյանի, աղանդները վտանգավոր են նաև նրանով, որ իրենց ծուղակում հայտնվածներին կտրում են մեր իրական հոգևոր արմատից` քրիստոնեությունից: Հոգեբանը կրկնեց հայտնի խոսքը` ով զգուշացված է, նա զինված է: Աղանդները գրկաբաց են ընդունում մարդկանց, իսկ միայնակ կամ իրենց միայնակ զգացող, չհասկացված, հուսահատված կամ ֆինանսական խնդիրներ ունեցող մարդիկ էլ հեշտությամբ ընդգրկվում են աղանդներում:
«Ինձ փորձել են աղանդավորության մեջ ընդգրկել, դրա համար շատ լավ գիտեմ, ես ունեցել եմ տրագեդիա, և այդ տրագեդիայից հետո շատ լավ հետևում էի իրենց բոլոր մեթոդներին, թե դա ինչպես էին անում»,- ասաց Իրինա Ծատուրյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ այն ժամանակ ինքը միայնակ էր մնացել:
Հոգեբանը շատ կարևորեց Աստվածաշունչը լավ իմանալը, քանի որ երբ մենք Աստվածաշունչը չգիտենք, և արդեն աղանդավորներն են սկսում Աստվածաշունչը մատուցել մեզ, մենք ազդվում ենք, քանի որ Աստվածաշնչի խոսքը միշտ մեծ արժեք ունի: Աստվածաշնչի խոսքը յուրովի մատուցելով, քրիստոնեական աղանդների հետևորդներն այն դարձնում են մանիպուլացիայի միջոց:
Nyut.am 15:59 / 28.10.2013

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել