1in.am-ը գրում է.
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին:
Ալժիրցի դիվանագետը, ով միջնորդական առաքելությամբ Սիրիա էր ժամանել, «Ժեն Աֆրիկ» պարբերականում հրապարակված հարցազրույցում պարզաբանել է, որ նկատի ունի Ասադի դերը ռեժիմից նոր հանրապետության անցման գործընթացում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բրահիմիի խոսքով՝ քիմիական զենքի ոչնչացման ռուս-ամերիկյան պայմանավորվածություններն Ասադին պարիայից (մերժված, թշվառ) վերածել են գործընկերոջ և ամրապնդել սիրիացի առաջնորդի կողմնակիցների դիրքերը:
Դիվանագետի խոսքով՝ պատմությունն իրենց սովորեցրել է, որ նման ճգնաժամերից հետո վերադարձն անցյալին անհնար է:
Նա խոստովանել է, որ Ասադի շրջապատը կողմ է 2014-ի ընտրություններին նրա առաջադրմանը: Ինչ վերաբերում է Ասադին, Բրահիմիի խոսքով՝ նա չի կասկածում իր ճշմարտացիությանը և ճգնաժամը հաղթահարելու ունակությանը:
Հանձնակատարը հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի համոզել ընդդիմությանը ձևավորել պատվիրակություն՝ ժնևյան համաժողովին մասնակցելու համար:
«Ժնևի ֆորումը չի կարող ներգրավել բոլորին, դա միայն քաղաքական գործընթացի սկիզբն է, և շարժման ընթացքում դրան կմիանան բոլոր խմբակցությունները»,- ասել է Բրահիմին:
Դամասկոսի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ Բրահիմին այսօր բանակցություններ կանցկացնի Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ և կհանդիպի Ազգային համակարգման կոմիտեի պատվիրակությանը (ներքին ընդդիմության առաջատար խումբ):