1in.am-ը գրում է.
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել ականանետային հարձակման հետևանքով: Ռումբերը պայթել են Կասա թաղամասում և Ջերմանա քրիստոնեական արվարձանում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Եվս 6 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, տուժել են Դամասկոսի Կաշկուլե արվարձանում: Իսկ Հարաստայում ընկած ռումբերը պատճառել են միայն նյութական վնաս, այնտեղ վիրավորներ չկան:
Ադրայում ականանետների պայթյունից 2 երեխա է զոհվել, ևս 15 մարդ հիվանդանոց է հասցվել:
Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիային սահմանակից Թել Աբյադ քաղաքում, գրոհայինները այրել են հայկական եկեղեցի: Հրդեհի հետևանքով վնասվել է տաճարի ներքին հարդարանքը: Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Էլ-Հասիկա գավառի Ղամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարք: Քրդական աղբյուրները հայտնել են զոհերի և վիրավորների մասին:
Հալեպից տեղեկություններ են ստացվել ծայրահեղականների «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումների դեմ կառավարական զորքերի՝ հաջողությամբ իրականացրած հատուկ գործողության մասին: Սիրիայում զինծառայողները գրոհայիններին թակարդի մեջ են գցել Զաֆիրեում և հյուսիսային մայրաքաղաքի մերձակայքում՝ ոչնչացնելով նրանցից 22-ին:
Եվս 14 ապստամբ չեզոքացվել է Դեյր-էզ-Զորում: