Հարց`

«Մինի աբորտ արա, հետևանքները մինիմալ են, -ասեց ընկերուհիս: -Մի տաբլետկա ու կպրծնես ամեն ինչից»: Իրո՞ք այդպես է: Մինի աբորտն իրո՞ք անվտանգ է: Առաջին հղիությունս է, ամուսնացած չեմ, ընկերս էլ բանակում է: Չեմ կարա պահեմ երեխային: Իսկ արգանդը «մաքրելուց» վախենում եմ:

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Նախ ասեմ,որ ընկերուհու ասածը ոչ թե մինի աբորտն է,այլ հղիության դեղորայքային կամ մեդիկամենտոզ ընդհատումն է: Մինի աբորտը հղիության արհեստական ընդհատման վիրաբուժական մեթոդներից մեկն է, սակայն համեմատաբար ավելի քիչ ցավոտ ու վնասակար կնոջ օրգանիզմի համար: Իրականացվում է հղիության վաղ ժամկետներում՝ ընդհուպ մինչև 5-րդ շաբաթը: Հատուկ վակուում պոմպի միջոցով պտղաձուն արտածծվում է արգանդի խոռոչից, դրա համար բժշկական լեզվով կոչվում է վակուում ասպիրացիա: Վիրահատական այս միջամտությունը համեմատաբար ավելի խնայող է, քան արգանդի խոռոչի ավանդական գործիքային քերումը:

Ինչ վերաբերվում է հղիության դեղորայքային կամ մեդիկամենտոզ ընդհատմանը, ապա այն նույնպես իրականացվում է հղիության վաղ ժամկետներում՝ 6-7 շաբաթ: Հատուկ սինթետիկ ստերոիդային հաբերը, ընկնելով կնոջ օրգանիզմ, սկզբից կանգնեցնում են հղիության գլխավոր հորմոնի՝ պրոգեստերոնի ազդեցությունը, հետո էլ խթանում են վիժում՝ պտղաձուն պոկվում ու դուրս է մղվում արգանդի խոռոչից:

Հղիության ցանկացած արհեստական ընդհատում երբեք աննշան չի անցնում կնոջ օրգանիզմի համար` լինի դա մեդիկամենտոզ, թե վիրաբուժական մեթոդ: Իհարկե ամենավտանգավորը վիրաբուժականն է, քանի որ կարող է բերել հետվիրահատական բորբոքային պրոցեսներ, իսկ ամենացավալին՝ Դուք կարող եք այլևս երբեք չհղիանալ: Մեդիկամենտոզ ու մինի աբորտները համեմատաբար ավելի «նուրբ» են, սակայն երկու դեպքում էլ հնարավոր է, որ պտղաձուն լրիվ դուրս չգա, ու նրա մի մասը մնալով արգանդի խոռոչում, առաջացնի ուժեզ արյունահոսություն: Նման դեպքում այնուամենայնիվ իրականացվում է արգանդի խոռոչի գործիքային քերում:

Բժշկական տեսանկյունից ճիշտ է, որ առաջին հղիությունն ավարտվի ծնունդով, որպեսզի անցանկալի բարդություններ չլինեն, իսկ սոցիալական տեսանկյունից՝ ցանկացած կին ունի ընտրելու իրավունք: Ընտրելով հղիության արհեստական ընդհատումը, անպայման դիմեք այդ քայլին գինեկոլոգի հսկողության ներքո, ոչ մի ինքնագլուխ գործողություն՝ դրանից է կախված Ձեր կյանքն ու ապագա ռեպրոդուկտիվ առողջությունը:

Ընտրեք պաշտպանության ճիշտ, հարմար ու ապահով մեթոդ. ավելի հեշտ է կանխել անցանկալի հղիությունը, քան ընդհատել   ու ապրել դրա էմոցիոնալ ու հնարավոր ֆիզիկական ծանր հետևանքների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել