1in.am-ը գրում է.
Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իրենք Պռոշյան գյուղի և Երևանի մի շարք դպրոցներում հայտնաբերել են աղանդ, որը կոչվում է «Մշակութային լիգա»:
Ինչպես տեղեկացրեց նա, այդ աղանդը Հայաստանում գործում է 2005 թվականից, իսկ հիմնական գործառույթը հակաքրիստոնեություն տարածելն է: «Այս աղանդը կարողացել է դպրոց մտնել անվան շնորհիվ, որովհետև այն մշակութային կենտրոնի նմանության տպավորություն է թողնում»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ նշեց, որ աղանդավորական կազմակերպություններ այցելելը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդն ունի ներանձնային, սոցիալական խնդիրներ, իրեն զգում է չհասկացված. «Աղանդը մարդկանց զոմբիացնելու ստորագույն լծակներից մեկն է, մարդը գործիք է դառնում: Աղանդը պետք է նրան, ում իշխանություն է պետք»:
Հոգեբանն ասաց, որ աղանդավորական կառույցներում մարդուն հույս են տալիս, որ լավ կլինի, իսկ հետո արդեն չի կարողանում աղանդից դուրս գալ, որովհետև վախենում է: «Մեզ մոտ գենետիկ մակարդակով նստած է առաքելականությունը, սակայն աղանդը զրկում է մեզ մեր արմատների հոգեբանական մոտեցումներից: Դրա համար պետք է Աստվածաշունչ կարդալ, այլ ոչ թե այն լսել ուրիշի մեկնաբանությամբ»,- այս կարծիքին է Ի.Ծատուրյանը: