1in.am-ը գրում է.
Վրաստանի Սուրբ Խաչ եկեղեցու ճանապարհին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և Վահագն Չախալյանի միջև հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի շուրջ վիրահայության վերաբերմունքը միանշանակ չէ:
«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միջադեպի մասին իմացել է հեռուստատեսությունից: «Դժվար է ասել, որ խոսակցություն ստացվեց, ավելի շատ էմոցիաներ էին, քան դիալոգ, բայց արդյունքը, կարող եմ ասել, այն եղավ, որ հեռուստատեսությունը փորձեց այս դեպքն օգտագործել նախընտրական քարոզչության համար, տարածել, որ հայ սեպարատիստներն ասում էին Վրաստանի նախագահին պետք է վռնդել Վրաստանից, և որ նման բան նրանք կարողացան ասել իշխանությունների ամենաթողության պատճառով: Այս շեշտադրումներն են տվել միջադեպին, ապագայում էլ փորձելու են տարբեր ֆորումներով հակահայկական հիստերիա բարձրացնել: Բայց դա ավելի շուտ «Վրացական երազանք»-ի դեմ է, քանի որ նախընտրական շրջան է»,- ասաց նա:
Ստեփանյանի խոսքերով՝ Սաակաշվիլու կուսակցությունն ամիսներ շարունակ աշխատում է ռադիկալների ձայները ստանալ, սակայն գիտի, որ փոքրամասնությունների ձայները ստանալը դժվար է, քանի որ հենց իրենց իսկ ձևավորած ավանդույթի շնորհիվ է, որ փոքրամասնությունները քվեարկում են իշխանության թեկնածուի օգտին: Քաղաքացիական շարժման նախագահը նշեց, որ «հետաքրքիր» ընտրազանգվածը կարող են լինել արմատականները, իսկ նրանք մշտապես դժգոհ են:
«Սաակաշվիլին արդեն հայտարարել է, որ իր օրոք նման բան դժվար թե լիներ: Վահագնի փոխարեն ես Սաակաշվիլու հետ կխոսեի ընտրություններից հետո, երբ նա այլևս կդադարեր նախագահ լինել, քանի որ նա երեկ ակնհայտորեն իրավիճակն օգտագործեց՝ իբրև Վրաստանի նախագահ: Ես չեմ կարծում, թե նա շատ միավորներ կվաստակի այս կերպ, քանի որ դա հենց ընտրությունների շեմին եղավ: Վահագնը երևի առաջին մարդն էր, ով Սաակաշվիլուն ասաց այն, ինչ նրա համար հաճելի չէր լսել»,- ասաց նա:
Ստեփանյանի կարծիքով՝ նախագահի հանդեպ դեռ վախի մթնոլորտ կա փոքրամասնությունների շրջանում, ու Չախալյանը փորձում էր ժողովրդին ուղերձ հղել՝ կոչ անելով այլևս նրանից չվախենալ, սակայն բավական էմոցիոնալ ստացվեց: Միջադեպի հետևանքով Վրաստանում հակահայ տրամադրությունների խորացում, ըստ նրա, չի լինի: Թեև առանց այն էլ նման մթնոլորտ կա, բայց այն տանելի մակարդակի է, հակառակ դեպքում, ըստ Ստեփանյանի, չէին կարողանա ապրել այդտեղ: Նա, սակայն, դժվարացավ ասել՝ արդյոք ճի՞շտ վարվեց Չախալյանը, թե՞ ոչ, նշեց, որ նրա արարքը Թբիլիսիում և Ջավախքում տարբեր մեկնաբանություններ կունենա:
Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը նշեց, որ միջադեպին ծանոթ է միայն հեռուստատեսությունից: Թորոսյանը, սակայն, դատապարտեց կատարվածը, թեկուզ և Չախալյանն իր հայրենակիցն է: Նա նշեց, որ երևույթը գեղեցիկ չէր՝ անկախ ամեն ինչից: Պատգամավորի համոզմամբ՝ ամեն դեպքում պետք է գիտակցել, որ Միխեիլ Սաակաշվիլին հանրապետության նախագահն է, և չէր կարելի այդ կերպ վարվել, նրան այդպես վիրավորել, ու հատկապես՝ հեռանալուց առաջ:
«Կրկնում եմ՝ երևույթը բոլորովին գեղեցիկ չէր, և սազական չէր, ու այստեղ ամենևին էլ կապ չուներ՝ ինչ հարցեր են բարձրացվում»,- ասաց նա: Թորոսյանի կարծիքով՝ Չախալյանին պատասխանատվության չեն ենթարկի, քանի որ նա արդեն իսկ դատարանով ազատված է, և Սաակաշվիլիի «թևերը կարճ են, չեն հասնի»:
Պատգամավորը նշեց, որ կատարվածը դատապարտող հայտարարությամբ հանդես գալու մտադրություն դեռ չկա, դեռ պիտի ծանոթանա միջադեպին՝ ամենայն մանրամասնությամբ: