Եվ ի՞նչն են կոչում մարդիկ սրբություն,Մի՞ թե սրբություն մնաց աշխարհում,
Չէ որ աշխարհը պատերազմ ունի,
Պայքարներ ունի բազում արյունոտ,
Եվ շատ անարյուն մահեր էլ ունի,
Երբ եկեղեցու հենց դռան շեմին,
Մանուկն է մեռնում քաղցը կոկորդին:
Երբ եկեղեցում սևաշոր դևը,
Աղոթքն է հանում շուտով աճուրդի:
Եվ ի՞նչն են կոչում մարդիկ սրբություն,
Մի՞ թե այն խաչը, որը ոսկեպատ, արծաթապատ է,
Այնինչ համբուրող, ծնկի եկողը միայն սովածն է,
Քանզի կուշտ փորը համբուրում է լոկ իր սափորը:
Կուշտ հոգին նույնպես խաչ է համբուրում,
Բայց լոկ իր գահից, շահից ելնելով:
Մի՞ թե սուրբ է նա, ով իր ողջ կյանքում լոկ եկեղեցի, մատուռ է շինել,
Քանդելով մարդկանց այն եկեղեցին, որը հոգում է:
Եկեղեցի է կառուցել նա միշտ գողացած փողով,
Եվ մի՞ թե սուրբ է այդ եկեղեցին:
Եվ մի թե սուրբ է այն <<բարերարը>>,
Ով այս աշխարհի գանձերը դիզած,
Ու թինկը տված ոսկե աթոռին,
Ոսկոր է նետում չքավորներին:
Մի՞ թե սուրբ է նա,
…ո՛չ, նա ագահ է:
Աշխարհում վաղուց սրբություն չկա,
Զի մարդ մամոնան առավել սիրեց,
Առավել սիրեց,
Քան Աստված սիրեց մարդկությունը հենց:
Այն մարդկությունը, որը վաճառքի ենթակա դարձավ,
Երբ մարդն ամեն ինչ հանեց վաճառքի,
Ու չկա ոչինչ, ոչինչ, ոչ մի բան որ չի վաճառվում,
Ծախվում է սերը, ծախվում է հողը, ծախվում է գիրը,
Արվեստն է ծախվում ու մարդն է ծախվում:
Այս կյանքն է ծախվում, և երանի թե աստված չծախվեր…
Մի՞ թե սրբություն մնաց աշխարհում…
Նյութի աղբյուր՝ http://araratbayazetci.blogspot.com/2013/10/blog-post_270.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել