1in.am-ը գրում է.
Երեկ «Առաջին լրատվական»-ի խմբագրություն դիմած գործարարները զարմացած էին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից նոր ՀԴՄ-ների տեղադրման որոշման առթիվ:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը երեկ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այս տարվա սեպտեմբերի 5-ին կառավարության N 968-Ն որոշումը, համաձայն որի, եթե ընկերության ներմուծված ապրանքների մաքսային արժեքը մեկ տարվա ընթացքում կազմել է 10 մլն դրամ և ավելի, պետք է պարտադիր տեղադրեն նոր սերնդի ՀԴՄ սարքեր, որոնց արժեքը 369 հազար դրամ է ներկայիս 88 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ սարքերի փոխարեն: «Առաջին փուլում ՀԴՄ-ի գինը բարձր է սահմանված, քան նախկիններինը, որովհետև սրանք բազմաֆունկցիոնալ են, ինչի հնարավորությունը նախկինները չունեին: Առաջին փուլում այսքան թանկ է, որովհետև այս փուլում հիմնական սպառողները խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են, և դրանից կառաջանան խնայողություններ, որոնք էլ հետագայում կուղղվեն փոքր և միջին բիզնեսի գնումների սուբսիդավորմանը»,- պարզաբանեց վարչապետը:
«Տարեկան 25 հազարի դոլարի ապրանք ներմուծած կազմակերպությունը վարչապետը խոշո՞ր է համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց մի գործարար, ով չցանկացավ ներկայանալ` հավելելով. «Դա նույնիսկ փոքր բիզնեսի համար է ոչ մեծ թիվ: Խոշոր բիզնես համարվում են տարեկան 500 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցողները»: Ըստ գործարարի` կառավարությունը խախտել է իր նախնական հայտարարությունը: «Կառավարությունը անցած տարվա դեկտեմբերին, երբ այդ հարցը քննարկել է, որոշել էր, որ այս տարվա հուլիսի 1-ից նոր ՀԴՄ-ներ պետք է դնեին խոշոր հարկատուները, հաջորդ` 2014թ. հուլիսի 1-ից պետք է արդեն տարածվեր փոքր ու միջին բիզնեսի վրա: Հետևյալ տրամաբանությամբ. պետությունն ասում էր` այդ սարքը նստում է 500 դոլար, այս պահին վաճառում է շուրջ 1000 դոլարով խոշորներին, որպեսզի հետո 180 հազար դրամի շրջանակում դա վաճառեին փոքր ու միջինին: Սակայն սեպտեմբերին շուտափույթ որոշում են կայացնում, որ եթե նախկինում 500 մլն ապրանք ներմուծողը պետք է այդ գնով գներ և դներ նոր ՀԴՄ-ն, ապա այժմ մինչև նոյեմբերի 1-ը նոր` մոտ 1000 դոլարանոց ՀԴՄ պետք է դնեն նաև 10 մլն դրամի` ընդամենը 25 հազար դոլարի ապրանք ներմուծած ընկերությունները, ինչը բավական փոքր թիվ է բիզնեսի համար, և փոքր բիզնեսը կարող է տարվա մեջ այդքան գումարի ապրանք ներմուծել: Այսինքն` լրացուցիչ բեռ է դրվում փոքր ու միջին բիզնեսի վրա: Հակառակ դեպքում տնտեսվարողներին սպասվում է 300 հազար դրամ տուգանք»:
Գործարարների կարծիքով` նոր հսկիչ դրամարկղային մեքենայի ֆունկցիան ընդամենը հարկային մարմնի վարչարարությունը հեշտացնելն է: Նոր ՀԴՄ-ն ինտերնետ կապով միացված է լինելու հարկայինի սերվերին և գրանցելու է ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացը: Ասել է թե` պետությունը մեծացնում է իր վերահսկողությունը:
Թե ինչն է կառավարության վերջին որոշման պատճառը, գործարարների տեղեկատվությունը հետևյալն է. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը նախապես հաշվել է խոշոր հարկատուների ՀԴՄ-ների պահանջարկը և այդքան հազար հատ նոր հսկիչ դրամարկղային մեքենա է ներկրել, սակայն տեսնելով մեքենայի գինը, խոշորները նվազեցրել են իրենց կիրառվող հսկիչ դրամարկղերի քանակը. մի քանի հատի փոխարեն այժմ օգտագործում են մեկ հատ: Արդյունքում ներկրված ՀԴՄ-ների, որոնք որոշ տեղեկություններով 50 հազար են, մի մասը չի վաճառվել, ուստի շուտափույթ կառավարության որոշում են կայացրել, որ մինչև նոյեմբերի 1-ը նոր` 1000 դոլարանոց ՀԴՄ պետք է դնեն նաև 10 մլն դրամի` ընդամենը 25 հազար դոլարի ապրանք ներմուծած ընկերությունները: Մինչդեռ փոքր ու միջին ընկերությունները պետք է 180 հազար դրամով այդ ՀԴՄ-ները գնեին:
Ընդ որում, գործարարների խոսքերով` մոնոպոլիա է սահմանված, նոր ՀԴՄ-ների վաճառքով և ներկրմամբ զբաղվելու իրավունք ունի միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը: «Երբ մարդիկ փորձում են այլ աղբյուրներով ավելի էժան բերել, անհնարին են դարձնում դրա օգտագործումը, սերվերին չեն միացնում, ծրագիրը չեն տեղադրում: Մի խոսքով` գնելու միակ տարբերակը մնում է իրենց ՊՈԱԿ-ը»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարը:
Երեկ ԱԺ-ում Խաչատուր Քոքոբելյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու է այդ նոր սերնդի ՀԴՄ-ի ձեռքբերումը վստահվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին, և այլ քաղաքացիներ հնարավորություն չունեն ներմուծել այդ սարքերը: Ի պատասխան Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ այլ ընկերություններ ևս կարող են ներմուծել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, եթե, իհարկե, համապատասխանեն կառավարության կողմից սահմանված չափանիշներին:
«Ճիշտ չէ: Ես փորձել եմ տարբեր ձևերով, ոչ մի տարբերակ չկա, իրանք ուղղակի սերվերին չեն միացնում, և վերջ»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարը` հավելելով. «Նաև` մինչև նոյեմբերի 1-ը հաշված օրեր են մնացել, այսինքն` դա ֆիզիկապես էլ հնարավոր չէ»: Շրջանառվող տեղեկություններով` այդ ՀԴՄ-ները Թայվանում կամ Չինաստանում կարելի է ձեռք բերել 120 դոլարով, Ռուսաստանում մանրածախ գինը 500 դոլար է:
«Եթե կառավարությունն իր վարչարարությունն է ուժեղացնում, որքանով է իրավասու ինձ` գործարարին ծախս պարտադրի: Կարող է պարտադրի, բայց փոխհատուցի ինչ-որ բանով: Բացի դա, իրենց բերած ապարատները նորմալ չեն գործում, մարդիկ ասում են` տպում ենք, ժամերով կապ չի լինում, հո չենք կարող ժամերով սպասեցնել հաճախորդին, որ ինտերնետը կարգավորվի: Ո՛չ տեխնիկական, ո՛չ իրավունքի, ո՛չ գների առումով այս որոշումն օբյեկտիվություն չի ապահովում: Այսպիսով, հերիք չի բեռ է դնում տնտեսվարողի վրա, այդ ՊՈԱԿ-ը գերշահույթներ է ստանում: Իսկ տնտեսվարողի համար դա լուրջ գումար է»,- պնդեցին մեզ դիմած գործարարները: