Մոնթեի 56-ամյակին նվիրված համերգին վավերագրական ֆիլմ կցուցադրվիPanarmenian.net-ը գրում է.

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19.30-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումՄոնթե Մելքոնյանի 56-ամյակին նվիրված գալա-համերգ կլինի՝ «Ես կվեռադանամ» խորագրով: Համերգի մասնակիցներն են Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Լուսինե Ազարյանը, Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը, Նորայր Քարտաշյանը, Արմեն Բաբախանյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Ղազարյանը, Նունե Ավետիսյանը, Հովհաննես Սարկավագը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Որդան կարմիրը, Վան Փրոջեքթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Կարին ավանդական երգի-պարի խումբն ու Օպերային թատրոնի երգչախումբը. Հյուրերի մի մասն Երևան կժամանեն հատուկ համերգին մասնակցելու նպատակով:

Այս գալա-համերգի նպատակն է արժանավայել նշել հերոսի ծնունդը, ու կապ չունի, որ այս տարին հոբելյանական չէ, կարծում է համերգի կազմակերպիչ, TM Production ընկերության տնօրեն Թոմ Մարտիրոսյանը: Ինչպես նա ասաց PanARMENIAN.Net ին, կարևոր է նաև, որ համերգին կենդանի հնչողություն է լինելու:

«Բոլոր մասնակիցներն անչափ ուրախացան, երբ հրավիրեցինք մասնակցելու, ու առանց մտածելու դրական պատասխան տվեցին: Նույն Հասմիկ Պապյանին, երբ ասացինք (իմանալով իր ծանր աշխատանքային գրաֆիկը), երկու բառով պատասխանեց՝ «Մոնթե Մելքոնյանն ինձ համար սրբություն է, չեմ կարող բաց թողնել»,- ասաց Թոմ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համերգի մասնակիցներին ընտրելն այդքան էլ դժվար չէր, քանի որ ընտրությունը, հատկապես՝ կենդանի կատարողների մեջ, քիչ է:

Կցուցադրվի հերոսի մասին պատմող 10 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որի ռեժիսորը, հավանաբար, կլինի Ջիվան Ավետիսյանը: Իսկ Գոռ Սուջյանը կներկայացնի Մոնթեի հիշատակին նվիրված իր նոր՝ «Ես կվեռադանամ» երգը:

Ամեն երգիչ մեկ-երկու երգ կկատարի, համերգը կտևի մոտ 2 ժամ: Հասմիկ Պապյանը կկատարի «Օրոր»-ն ու «Կիլիկիա»-ն, Գևորգ Հակոբյանը՝ «Պատրանքի թևով»-ն ու զինվորին նվիրված երգ, Նորայր Քարտաշյանը՝ ապրիլի 24-ին, և այլն: Համերգին ներկա կլինի նաև Մոնթեի եղբայրը՝ Մարգար Մելքոնյանը, ինչպես նաև կհրավիրվեն զոհված ազատամարտիկների ծնողներ: Տոմսերը վաճառքի կհանվեն հոկտեմբերի 28-ից, արժեքը՝ 2 000-ից՝ 15 000 դրամ:

Ինչպես ասաց համերգի կազմակերպիչը, այսուհետ Մոնթեին նվիրված համերգներն ամենամյա կդառնան: Թոմ Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրում են հաջորդ տարի հրավիրել Հայաստանից դուրս բնակվող ու ստեղծագործող հայտնի երաժիշտների՝ Սերժ Թանկյանին, Տիգրան Համասյանին, Սերգեյ Խաչատրյանին, իսկ արդեն երկու տարի անց, հնարավոր է, հնավիրեն թե դրսում, թե Հայաստանում բնակվողներին:

Համերգն ուղիղ եթերով չի հեռարձակվի, բայց հետագայում կթողարկվի DVD և Blu-Ray նվագարկիչներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել