Կարմիր կոճակ։ Բոլոր կոճակներից տարբերվում է իր կարմրությամբ, մեծությամբ եւ հույժ կարեւորությամբ։

Ֆիլմերում սովորաբար օգտագործվում է ինչ-որ հզոր ու վտանգավոր բան ակտիվացնելու համար։ Հիմնականում ձեռք տալ խորհուրդ չի տրվում։ Այդ իսկ պատճառով այս կոճակը միշտ գտնվում է երեւացող տեղում եւ կրում է «ձեռք չտալ» տեսակի գրություն, ինչն էլ իր հերթին մեծացնում է կոճակի սեղմվելու հավանականությունը։ Քանի որ եթե գրված է ձեռք չտալ, հետաքրքրությունից գոնե մեկ անգամ պետք է ձեռք տալ։

Կարմիր կոճակները սովորաբար գտնվում են կարեւոր մարդկանց մոտ, ծառայում են ատոմային ռումբեր ակտիվացնելու, հրթիռներ ուղարկելու կամ ուղղակի ինչ-որ բան պայթեցնելու նպատակով։ Կարմիր կոճակից ոչ հեռու երբեմն գտնվում է մեկ այլ կարմիր կոճակ, որը օգտագործվում է սուրճ լցնելու համար։ Ինչը որոշ դեպքերում շատ ճակատագրական դեր է խաղում, քանի որ սուրճ լցնելու փոխարեն կարեւոր մարդիկ պատահաբար սեղմում են հրթիռ բաց թողնելու կոճակը։
Կարմիր կոճակին ֆիլմի հերոսը շատ բարդ է հասնում եւ գրեթե միշտ վերջին ակնթարթին։

Այս կոճակի կիրառությունը առօրյա կյանքում՝

  • կրակին դրված սուրճը եռում է, հասնում թասի պռունկին։ Մարդը շնչակտուր վազում է դեպի գազօջախ, խալու ծալքի վրա սոթ տալիս, ընկնում, բայց վերջին պահին ձեռքը երկարացնում, սեղմում է կարմիր կոճակը։ Կրակը հանգում է, սուրճը փրկվում։

Կարմիր կոճակն իր դրամատիկությամբ համեմատելի է տուփում մնացած լուցկու վերջին հատիկին։ Բայց այդ մասին մեկ ուրիշ անգամ։ Հետեւեք այս շարքին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել