«Գյումրի քաղաքի «Ռուբին» ոսկերչական սրահից գողության փորձ կատարած Գյումրիի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանի հայրը՝ Մերգելյով Քալաշյանը, վստահ է, որ իր որդին գողության նպատակ չի ունեցել, այլ պարզապես կատարվածի պատճառը իր որդու հոգեբանական վիճակն է եղել։
Հիշեցնենք, որ գողության դեպքը տեղի էր ունեցել 2013թ. օգոստոսի 5-ին՝գիշերը ժամը 4:20-ի սահմաններում։ Այդ օրը Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը փորձել էին թալանել Խաղաղության օղակ 8 հասցեում գործող «Ռուբին» ոսկերչական սրահը։ Սակայն գողության փորձը կանխվել էր, քանի որ ոսկերչական խանութի անվտանգության ազդանշանները միացել էին, և ծառայություն իրականացնող ոստիկանները կարողացել էին կանխել գողության դեպքը։ Նշենք, որ ոսկերչական սրահը թալանելու փորձ անող ոստիկաններին հայտնաբերել էին դիմակավորված վիճակում։
«Գալա»–ի հետ զրույցում ոստիկանների հարազատները պատմել էին, թե նրանք ցածր աշխատավարձ են ստացել՝ 50-60 հազար դրամի չափով սակայն պետական մակարդակով սարքել են 150 հազար ու էդքան էլ ներկայացրել են, ինչն էլ զայրացրել է ոստիկաններին։ Արդյոք գողություն անելու ցանկությունը ոստիկանների մոտ պայմանավորված է եղել ցածր աշխատավարձո՞վ և, առհասարարակ, ի՞նչն էր եղել ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատող բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ քայլին գնալու պատճառը։ Այս և այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց գողության գործով ամբաստանյալ, Մուշ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանի հոր՝ Մերգելյով Քալաշյանի հետ։ Նրա համոզմամբ, սոցիալական վիճակը չէր կարող այս գողության պատճառը լինել. «Իմ որդին 170.000 դրամ աշխատավարձ է ստանում։ Նա բազմաթիվ պարգևատրումներ է ստացել, մի շարք գործեր է բացահայտել, մեդալ է ստացել, մի՞թե նա կարող էր նման բան անել, դա աբսուրդ է»։
Ըստ ոստիկանի հոր՝ կատարվածը կապված է իր որդու նյարդերի, հոգեկան վիճակի հետ. «Նա, անկախ իրենից, ջարդել է խանութի պատուհանը, եթե սա արած լիներ մի հասարակ քաղաքացի, պետք է տուգանեին ու բաց թողեին։ Բայց մեր դեպքում պատմություն սարքեցին»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։