…Եվ թող սովածներն ուտեն գործազուրկներին

Life.panorama.am-ը գրում է.

Այդպիսի դաժան կամ «սևհումորային» կատակ կա: Պետական պաշտոնյային ասում են, որ երկրում երկու ծանր խնդիր կա. Մարդկանց կեսը սոված է, մյուս կասը՝ գործազուրկ: Հետևում է պատասխանը՝ թող սովածներն ուտեն գործազուրկներին: 

 Պատմությունը լռում է, թե հատկապես ի՞նչ ազգի ներկայացուցիչ է պաշտոնյան: Երևի չինովնիկական «ազգից» է, այսինքն նման էկզոտիկ մոտեցումներ կարող են լինել ցանկացած այլ երկրում:  Տեսականորեն, խնդիրների «հոյակապ» լուծում է՝ սովածները սնվում են, իսկ գործազուրկները՝ վերանում: Ինչո՞վ լուծում չէ:

 Բայց միայն տեսականորեն և միայն «սևհումորային» տարբերակով, քանզի, որպես կանոն, սոված են լինում նրանք, ովքեր գործազուրկ են: Բոլորը չեն կարող չէ՞ ինքնակերությամբ զբաղվել:

 Հիմա, ինչպես ֆրանսիացիներն են ասում՝ «գանք մեր ոչխարներին»:

 Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե հայրենի կառավարությունն ու պատգամավորներն այլևս ոչնչով չեն կարող զարմացնել: Ես սխալվում էի: Ա՜խ, ինչպե՜ս էի սխալվում: Հայրենի կառավարությունը, պատգամավորների մեծ մասի հետ, իհարկե, վերցրեց ու հեչ արեց գործազրկության համար մի քանի տասնյակ հազար գործազուրկների հազիվ 20 տոկոսին տրվող 18 հազար դրամ նպաստը: Ինչո՞ւ: Չես հասկանում: Ասում են՝ էնպիսի զբաղվածության ծրագրեր են իրականացնելու, որ անգործ մարդ չի մնա: Բայց ախր, այ հեր օրհնածներ, նախ՝ գործազուրկների գործատեր դարձրեք, նոր նպաստազրկեք: Ախր, մինչև էդ գրանդիոզ զբաղվածության ծրագրերը միս ու արյուն ստանան, մարդիկ դեռ պիտի մի ինչ-որ բանով ապրեն չէ՞:

 Մի կողմից, իհարկե, 18 հազար դրամով առանձնապես չես «ֆռֆռա»: Լավ խնայողության դեպքում, միգուցե մի 5-6 օր մեկ անձը ձգի, բայց ապրել… կներեք: Ցանկացած դեպքում, բացարձակապես գործազուրկ, այսինքն՝ աշխատանքով եկամուտ չունեցող մարդու համար այդ՝ ամթալի չափի նպաստն էլի մի բան է: Համենայն դեպս, 1 դրամից 18 հազար անգամ շատ է: Իսկ հիմա, փաստորեն դա էլ գրվեց սառույցին՝ ապագա զբաղվածության օդե ամրոցներով:

 Կամ էլ, պետք է ենթադրել, թե հայրենի կառավարության պատկերացմամբ, մեր գործազուրկներն էլ են ստվերային: Այսինքն՝ նշված են գործազուրկ, իսկ տակից բիզնես-միզնես ունեն: Չէ, օրինակ, երբ պատգամավորության, համայնքապետերի կամ ավագանու անդամների թեկնածուների նախընտրական ցանկերը տնտղում ես, «զբաղմունքը» սյունակում ամենից հաճախ հանդիպում է հենց… «գործազուրկ» բառը:

 Բայց սա այդ դեպքը չէ, էլի: Թեկնածուների մեծամասնության պարագայում «գործազրկությունը» բուն զբաղմունքը թաքցնելու յուրօրինակ հնարք է: Մեր մտահոգությունը գործազուրկ գործազուրկների վիճակն է: Ախր, այնպես էլ չի, էլի, որ «գործը թափած» է այդ «ալարկոտները» չեն ուզում աշխատել: Լավ, մի նպաստն ի՞նչ է, որ դա էլ շատ համարեցին:

 Ու մեկ էլ չեմ կարողանում հասկանալ, թե հատկապես որ խելոք գլուխն էր խորհել ու այնպես կազմակերպել, որ այդ նպաստազրկիչ օրինագիծը քննարկվի… բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու հարցին գրեթե զուգահեռ: Որ ի՞նչ, էլի: Եթե նպատակը զայրացած մարդկանց զայրացնելն էր, ապա հոյակապ մտահղացում է: Իսկ եթե, ոչ, ապա ուրիշ էլ ի՞նչ:

 Չէ, ոնց նայում ես, նման նախարարներին ու պատգամավորներին պետք էր ուղղակի նստեղնել ավտոբուսներն ու արագորեն հասցնել Սյունիքի մարզ: Այլ բան չկարծեք. այնտեղ ցրտահարության վտանգ կա ու մարդիկ չեն հասցնում հավաքել գրեթե հասած մրգերն ու պտուղները, աշխատող ձեռքերի կարիք կա: Այ, թող գնային, օգնեին գյուղացիներին՝ արագ բերքահավաքով ցրտահարության վնասներից խուսափելու հարցում: Գոնե մի օգտակար բան արած կլինեին: Չնայած, հոգուս խորքում վստահ եմ, որ եթե մեր պատգամավորներին ու նախարարներին ներգրավեն այդ գործում, բերքատվության ցուցանիշները նկատելիորեն համեստ կլինեն:

 Եվ ուրեմըս… գործազուրկները թող ուտեն սովածներին, թե՞ հակառակը: Ասենք, ի՜նչ տարբերություն:

Հեղինակ Արմեն Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել