1in.am-ը գրում է.

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:«Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան զարգացման բարձր մակարդակ ու մեծ փորձ ունի, և մենք շահագրգռված ենք այդ բնագավառներում համագործակցության խորացմամբ», - նշել է վարչապետը:

Իր հերթին դեսպանն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանը համարում է իր բարեկամը և շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ բոլոր ոլորտներում: Նա շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և ջերմ վերաբերմունքի համար: 
Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին հայ-չեխական համագործակցության ինտենսիվ զարգացման կապակցությամբ: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական կապերի աշխուժացումը և նոր ոլորտների բացահայտումը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը: 

Այս համատեքստում դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է չեխ գործարարների պատվիրակության այց Հայաստան՝ երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իվան Եստրաբին հայ-չեխական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել