Յոնամում անցած մրցարշավը հիշվեց մի քանի անչափ հետաքրքիր հանգամանքներով, մի շարք պիլոտների հրաշալի ելույթների շնորհիվ: Առաջինը դա անկասկած Նիկո Հյուլկենբերգի, այսինքն` Հալկի փայլուն պիլոտաժն էր: Իր 4-րդ տեղի շնորհիվ Նիկոն բոլորին ապացուցեց, որ թիմերը պայմանագիր կնքելուց առաջնորդվեն ոչ թե պիլոտի բարձր քաշով, այլ տաղանդով: Ողջ պադդոկը գիտի, որ ՄաքԼառենը հրաժարվեց Նիկոյի ծառայություններից հենց վերջինիս բարձր քաշի պատճառով, քանի որ մյուս տարվանից ուժի մեջ մտնող նոր կանոնակարգը լուրջ առավելություն է տալիս առավելագույնս թեթեւ պիլոտներին: Օրինակ`. այս պահին առանց պայմանագրի մնացած Ֆելիպե Մասսան նոր պայմանագիր ստանալու մեծ հույսեր ունի, հաշվի առնելով հենց իր կոմպակտ չափերը եւ որ նա կշռում է ընդամենը 59-60 կգ: ՄաքԼառենի ղեկավարությանն էլ կարելի է հասկանալ: Նրանց առաջին պիլոտն արդեն իսկ բավականին ծանր է` մոտ 70 կգ եւ 2 ծանր պիլոտները ինժեներներին կխանգարեյին մեքենան տարբեր կոնֆիգուրացիաներում փորձարկելու համար: Ճիշտ է, հաշվի առնելով նոր` 50կգ-ով ավել կշռող տուրբոները, ՖԻԱ-ն մեքենայի թույլատրելի առավելագույն քաշն ավելացրել է մինչեւ 690 կգ, սակայն անգամ դա էլ է քիչ որոշ թիմերի եւ պիլոտների համար: Մարկ Ուեբբերը խոստովանել է, որ ամենից շատ ուրախ է այն հանգամանքին, որ մյուս տարվանից սկսած նա ստիպված չի լինելու սնվել մոդելի պես եւ կկարողանա քիչ թե շատ իրեն իր ցանկացած ուտեստը թույլ տալ: Զավեշտալի է Լյուիս Հեմիլթոնի հետ իրավիճակը: Նա 71 կգ է կշռում եւ երբ լրագրողները նրան հարցրին, թե չի կարող արդյոք նա նիհարել մինչեւ 65, նա պատասխանեց. ``Ես չեմ կարող այլեւս քաշ գցել, եթե իհարկե մարմնիս մասերից ինչ-որ մեկը չկտրեմ``: Գնահատելով Լյուիսի հումորը, կցանկանայի հումորով ավելացնել, որ անգամ եթե նա իր այդ `` ինչ-որ մեկը`` կտրի, չեմ կարծում որ դա 6-7 կգ է կշռում, որպեսզի իր քաշը մինչ 65 իջնի: Այսպիսին է իրավիճակը եւ Նիկո Հյուլկենբերգը չնայած իր ողջ տաղանդին, չկարողացավ ՄաքԼառենի հետ պայմանագիր ստորագրել: Սակայն շտապելով առաջ անցնել, ասեմ, որ դա ոչ միայն նրա ``ծանր քաշային`` լինելուց է: 2015-ին մրցաշրջան է վերադառնում Հոնդան եւ թիմը պիլոտների ընտրության հարցում պետք է հաշվի առնի նաեւ իր լեգենդար գործընկերոջ կարծիքը: Ինչ վերաբերում է Հյուլկենբերգին, ապա նա միանշանակ առանց պայմանագրի չի մնա: Լոտուս, թե` Ֆորս Ինդիա, դա ժամանակը ցույց կտա իսկ առայժմ նա իր Զաուբերով ուղղակի ապշեցրեց բոլորին: Մեկնարկի ժամանակ, օգտվելով նրանից որ Ֆելիպե Մասսան գերագնահատեց իր ուժերը եւ քիչ մնաց իր մրցարշավի հետ միասին նաեւ թիմակցի մրցարշավը փչացներ, Նիկոն առաջ անցավ Ալոնսոյից եւ հայտնվեց 5-րդ տեղում: Իսկ երբ ռեստարտի ժամանակ նա հնարավորություն ունեցավ առաջ անցնել Հեմիլթոնից, նա բաց չթողեց իր շանսը: Արդյունքում նա հայտնվեց 4-րդ տեղում, որը մինչեւ ֆինիշ չզիճեց ոչ ոքի: Ահա եւ ձեզ զայրացած Հալկը:
Մրցարշավի մյուս հերոսը Ռոման Գրոժանն է: Ահա այն պիլոտը, ով մրցաշրջանի վերջում կարժանանա լավագույն պրոգրեսսի հասածի կոչմանը: Սովորաբար երիտասարդ պիլոտները Ֆորմուլա 1-ում հայտնվելու միայն մեկ հնարավորություն են ստանում եւ այն բաց թողնելու դեպքում լքում են մրցաշրջանը: Հիշեք Յան Մագնուսենին, իր ժամանակվա ամենատաղանդավոր պիլոտներից մեկին, ով սակայն չարդարացնելով սպասելիքները լքեց ՄաքԼառենը, մի քանի տարի անց նաեւ Ֆորմուլա 1-ը: Նրան այդ ժամանակ ապագա չեմպիոն էին կոչում, իսկ արքայական ավտոսպորտի դաժան իրականությունը նրան ընդամենը չկայացած հեռանկարով մեկը դարձրեց: Ոչինչ :) շուտով նրա տղան կշարունակի, հուսանք որ նաեւ կավարտի հոր սկսածը, ընդ որում հենց նույն ՄաքԼառենի կազմում: Բարեբախտաբար այսօրվա Ֆ1-ի մենեջերները գիտեն թե ինչպես նախապատրաստեն այս կամ այն պիլոտին, ինչի շնորհիվ Ֆորմուլա Ռենոյի նորաթուխ չեմպիոն Կեվինը չի արժանանա հոր ճակատագրին: Բացատրեմ, թե ինչու ես մի փոքր շեղվեցի Ռոման Գրոժանի թեմայից: Երբ 2009-ի ամռանը Ֆլավիո Բրիատորեն իր թեթեւ ձեռքով ազատվեց Նելսոն Պիկեյից, նրա փոխարեն հրավիրելով Գրան Պրի 2-ի մրցաշրջանի առաջատարներից մեկին` երիտասարդ Ռոման Գրոժանին, նա հաշվի չառավ մի շարք հանգամանքներ: Առաջինը, որ պետք չէ մրցաշրջանի կեսից թիմ հրավիրել մի պիլոտի, ով իր առաջնությունում պայքարում է տիտղոսի համար, 2-րդը, որ Ռենոյի այդ տարվա մեքենայով անգամ Ֆերնանդո Ալոնսոն էր մեծ դժվարությամբ պայքարում որակավորման վերջին սեգմենտում հայտվելու համար, եւ 3-րդը` նա հաշվի չառավ թե որքան հեռու կարող են գնալ հայր եւ որդի Պիկեները, վրեժխնդրության համար: Թե որքան հեռու, մենք արդեն համոզվեցինք, քանի որ Բրիատորեն հնարավոր է ընդմիշտ հրաժեշտ տվեց Ֆ1-ին, իսկ Պեդ Սիմոնդսը մեծ դժվարությամբ վերադարձավ մրցաշրջան: Ինչ վերաբերում է Գրոժանին, ապա արդեն 2009-ին անզեն աչքով նկատելի էր, որ պատանին տաղանդ ունի, սակայն միանշանակ սխալ էր նրան մրցաշրջանի կեսից նստեցնել մարտական բոլիդի ղեկին: Արդյունքում նա ամբողջությամբ ձախողեց այդ տարեվերջը եւ մյուս տարի մնաց առանց պայմանագրի: Իսկ ահա Գրան Պրի 2-ի իր մրցակիցներ Նիկո Հյուլկենբերգն եւ Վիտալիյ Պետրովը հայտնվեցին Ֆորմուլա 1-ում: Թվում էր թե այսքանով Ռոմանի կարյեռան ավարտված է, քանի որ, կրկնվեմ, 2-րդ շանս Ֆ1-ում հազվադեպ են ստանում: Սակայն երբ Ռենոն անցավ Genii-ին, Ռոմանը ստացավ իր 2-րդ շանսը, քանի որ հենց Ջերար Լոպեսի ընկերությունն էր զբաղվում ֆրանկո-շվեյցարացու կարյեռայով, իսկ Էրիկ Բուլյեն, ցույց տվեց թե ինչպես պետք է պիլոտին Ֆ1-ում նորամուտի նախապատրաստել: Ի տարբերություն Բրեատորեյի, երբ թիմը պիլոտների հետ խնդիրներ ուներ, նա չշտապեց կոկպիտ նստեցնել Գրոժանին: Երբ Կուբիցան մահվան հետ հանդիպեց եւ գրեթե հաշմանդամ դարձավ, նա հրավիրեց Նիկ Հայդֆելդին, իսկ երբ պարզ դարձավ որ Ֆորմուլա 1–ի պատմության մեջ հաղթանակ չտարածներից ամենափորցառու պիլոտի վառոդամանում այլեւս վառոդ չկա, անգամ այդ ժամանակ նա չհրավիրեց Գրոժանին, նախընտրելով թիմի մյուս թեստ-պիլոտ Բռունո Սեննային, ով նաեւ ֆինանսական միջոցների էր տիրապետում: Իսկ Ռոմանը հանգիստ ավարտեց ԳՊ2-ի 2011 մրցաշրջանը, ի վերջո նվաճելով այն չեմպիոնական տիտղոսը, որը 2009-ին բաժին հասավ Հյուլկենբերգին: Միայն ԳՊ2-ի ավարտից հետո նա մասնակցեց 2011-ի վերջին 2 գրան պրիների ազատ երթերին, որից հետո արդեն 2012-ին հանգիստ կատարեց իր նորամուտը: Այսպիսով, որքան էլ զարմանալի էր, իր առաջին շանսը ձախողած Ռոմանը ստացավ նաեւ 2-րդ հնարավորությունը, ինչը հազվադեպ է լինում Ֆորմուլա 1-ում: Սակայն էլ ավելի զարմանալի էր այն, որ նա իրեն մասամբ չարդարացրեց նաեւ իր առաջին ամբողջական մրցաշրջանում: Ճիշտ է, ակնհայտ դարձավ, որ նա ունի տաղանդ եւ արագություն, սակայն մեկնարկների ժամանակ անփութությունը, Պաստոր Մալդոնադոյի հետ մեկտեղ նրան դարձրին մրցարջանի 2 գլխավոր ``վատ տղա``-ներից մեկը: Խնդրեմ տեսեք` Ավստրալիա, Մալայզիա, Մոնակո, Բելգիա(դրա արդյունքում նաեւ բաց թողած Մոնցան), Սուզուկա, բոլոր այս գրան պրիները Գրոժանի եւ նրա զոհերի համար ավարտվեցին հազիվ թե սկսված: Սակայն քանի որ նրան հարմար փոխարինող չկար, Լոտուսում որոշեցին պահել թիմում իրենց սանին: Այսպիսով, կարելի է ասել, որ Ռոմանը նաեւ 3-րդ շանսը ստացավ: Սակայն այս կյանքում ոչինչ պատահական չի լինում: Մրցաշրջանն անհաջող սկսելուց հետո, նա տարվա 2-րդ հատվածում կարծես թե մի քանի տարով հասունացավ եւ Գերմանիայի գրան պրիից սկսած դարձավ պելետոնի ամենաստաբիլ պիլոտներից մեկը: Դրա հետ մեկտեղ նա նաեւ իր արագությունը պահպանեց, ինչի արդյունքում մի քանի անգամ նա հաղթանակի համար պայքարեց: Կորեայում նա կրկին որակավորման մրցումներում գերազանցեց իր թիմակից Կիմիին, որակավորվելով 3-րդը, իսկ մեկնարկից անմիապես հետո նախ վստահորեն գերազանցեց Լյուիս Հեմիլթոնին, իսկ այնուհետեւ նաեւ վստահորեն պաշտպանեց իր 2-րդ տեղը բրիտանացու հակահագրոհներից: Եվ եթե նա մրցարշավի վերջում, ռեստարտից հետո, վերջին շրջադարձից դուրս գալուց չսխալվեր, ապա եզրագիծը 2-րդը կհատեր: Սակայն առանց այդ էլ նա արդեն բոլորին ապացուցեց, որ արժանի է մյուս տարի մնալ թիմում եւ դառնալ առաջատար, քանի որ այս տարվա վերջին գրան պրիներում Կիմի Ռայկկոնենին միայն մեծ վերապահումով կարելի է Լոտուսի միանձնյա առաջին համարն անվանել: Այսպիսով, Ռոմանը գրեթե պատրաստ է հաջորդ քայլին, այն է տիտղոսի համար պայքարին, եթե իհարկե նա շարունակի նույն տեմպով եւ Էնսթոունի մյուս տարվա մեքենան այսօրվանինից դանդաղ չլինի:
Կորեայի գրան պրիի 3-րդ հերոսը հենց Լոտուսի մյուս պիլոտն է: Որակավորման էտապում Գրոժանին զիճելուց հետո, Կիմին մեկը մյուսի հետեւից տպավորիչ վազանցներ կատարեց: Հատկապես ինձ դուր եկավ Դանիել Րիկիարդոյի նկատմամբ 3-րդ շրջադարձում կատարաց համարձակ մանեւրը, որը բոլորին հիշեցրեց թե ով է Ֆորմուլա 1-ի վերջին 2 տարիների վազանցների վարպետը: Նրա կողմից վազանցվածների թվում էր նաեւ իր ապագա թիմակից Ֆերնանդո Ալոնսոն: Մրցարշավի վերջին, ինչպես ես արդեն նշեցի Կիմին օգտվեց Ռոմանի փոքրիկ հապաղումից այսպես վազանցեց նրան:
Դրանից հետո Ռոմանը սպասում էր, որ թիմը կհրամայի թիմակցին կրկին առաջ թողել իրեն, սակայն այդ հրամանը չհետեւեց, քանի որ Ռոմանն իր մեղքով էր առաջ թողել թիմակցին: Կիմին ապացուցեց, որ ինչպես շատերն են ասում, ամենեւին էլ չի կորցրել իր մոտիվացիան եւ պատրաստ է Ֆեռնանդո Ալոնսոյին ձեռնոց նետել:Ինչ վերաբերում է հաղթողին, ապա ապագա քառակիի 4-րդ անընմեջ հաղթանակը երկար բնութագրելու կարիք չկա: Սեբն ուղղակի հերթական անգամ ֆենոմենալ ոճով կատարեց իր սեւ գործը եւ վերջ: Ֆինիշից հետո նա կրկին սուլոցների արժանացավ, ինչի մասին կարծիքս չի փոխվել` կարդացեք նախորդ 2 հոդվածներս:
Հաջորդ էտապը լեգենդար Սուզուկայում է, որտեղ Ֆետտելը հաղթել է նախորդ 4-ից 3 անգամ: Գրեթե ոչ ոք չի կասկածու, որ նա կհաղթի նաեւ այս անգամ: Կասկածը մեկն է, արդյոք Ճապոնիայում, թե Հնդկաստանում նա կդառնա 4-ակի: Կիմանանք շուտով: