1in.am-ը գրում է.
ՀԳՄ նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այսօր անդրադարձավ ՀԳՄ համագումարին: Նա նշեց, որ թացը չորից, գրողին չգրողից պետք է կարողանանք տարբերել, գրողի նշանակությունը պետք է կարողանանք ընկալել և ներկայացնել ժողովրդին: Ընդդիմախոսները նորընտիր նախագահին շնորհավորել են: Ավելին`երբ ձայները հաշվարկել են, առաջինը նրան շնորհավորել է Հովիկ Հովեյանը, Ռոմիկ Սարդարյանը և Դավիթ Սարգսյանը նույնպես շնորհավորել են իրեն:
Է.Միլիտոնյանը նշեց, որ համագումարի ժամանակ եղել են կառուցողական ելույթներ, բայց կային, որ ոչ թե սպասելիքներ ունեին ԳՄ լավ աշխատանքից, այլ կոնկրետ կար համագումարը խանգարելու միտում: Նա նշեց, որ առաջնային պետք է լինի տարբեր ձևաչափերով մեր գրողներին ներկայացնելու հնարավորություն ստեղծելը՝ կլինի ռադիո թե հեռուստատեսություն տարբերակով, տարբեր հաղորդումների շրջանականերում: Նա նաև ասաց, որ մամուլի որոշ օրգաններ սրտացավ են վերաբերվում գրողների աշխատանքներին:
Նորընտիր նախագահը նաև նշեց, որ չեն պարփակվելու «Գարունի», «Նորքի» կամ «Գրական թերթի» շրջանակներում, այլ ընդլայնելու են շրջանակները:
Անդրադառնալով համագումարի ժամանակ մի քանիսի քննդատատություններին՝ նա նշեց, որ լրագողները պետք է փորձեին հասկանալ` ով է այս մարդը, չէ՞ որ 90 տոկոսը համակարծիք էին:
Նա նաև նշեց, որ գրողի դերի բարձրացման ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն:
Գրողների սոցիալական վիճակին անդրադառնալիս ՀԳՄ նորընտիր նախագահը նշեց, որ Գրողների միությունը մի դրամ անգամ պետությունից չի ստանում և չի կարող 400 գրողի սոցիալական հարցեր լուծել, ի վիճակի չէ, բայց այն ինչ ի վիճակի է անել, անում է`մատչելի բնակարան երիտասարդներին. սոցիալական փաթեթի մեջ մտցնելու առաջարկ է ներկայացրել կառավարությանը:
ԳՄ-ն, ըստ նրա, ոչ թե ֆինանսավորված օֆիս է, այլ գրողների միավորում, ունի աշխատակազմ և աշխատելու է որքան հնարավոր է շատ գրողների փառատոների գործուղել, դասականների ծննդյանը նվիրված միջոցառումներ կազմակերպել, մանկական գրքի շաբաթ կազմակերպել: Գրողների միությունը, նրա խոսքով, ունի բազմաթիվ թանգարանների հետ համատեղ աշխատանքի փորձ:
Նա նշեց, որ հարուստ մարդկանց աջակցությունը ԳՄ-ին անհրաժեշտ է, առանց որի մենք հնարավորություն չենք կարող ունենալ լուծելու շատ հարցեր:
Էդվարդ Միլիտոնյանը անդրադարձել է նաև ԳՄ տեխնիկական հնարավորություններին` նշելով, որ, ցավոք սրտի, մեր գրողների միության տեխնիկական հնարավորությունները ծիծաղելի չափի են, և այս առաջնահերթ հարցը պետք է լուծվի: Երիտասարդ գրողները, նրա խոսքով, մեր բարեկամներն են, ընկերները, գրողների միությունում չկա անտագոնիզմ: