Փաստորեն արդեն կան նախնական փորձագիտական գնահատականներ՝ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարից: Փաստաբանական պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն, ավտոտեխնիկական փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ, ավտոտեխնիկական փորձաքննությունների միջազգային փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը ուսումնասիրելով վթարի մանրամասները հայտարարել է, որ կարող է լինել միայն մեկ տարբերակ, որով Վարդան Պետրոսյանը մեղավորություն չի ունենա այս ողբերգության մեջ և այդ տարբերակը կայանում է նրանում, որ «Նիվա» մակնիշի մեքենան վթարին նախորդած պահին կտրել է Վարդան Պետրոսյանի մեքենայի դեմը, մտել է իր երթեւեկելի գոտի, միայն այդ դեպքում Վարդան Պետրոսյանը անմեղ կճանաչվի, մնացած դեպքերում ակնհայտ է, որ Վարդան Պետրոսյանը չի պահպանել համապատասխան տարածությունը, արագությունը եղել է բարձր, որի պատճառով էլ վթարի պատճառ է հանդիսացել:
Սակայն, ինչպես նշել է փորձագետ, պետք է ուսումնասիրվեն արգելակման հետքերը:
Մյուս կողմից, եթե վստահենք զոհվածների հարազատներին, ապա «Նիվայի» վարորդը վթարից անմիջապես առաջ դանդաղ է վարելիս եղել, որովհետև խաչմերուկի մոտ է եղել և ուզեցել է համոզվել, որ կողքից եկող մեքենա չկա և այդ ժամանակ հենց Պետրոսյանի մեքենան հետևից ուժգին հարված է հասցրել Նիվային:
Կարծում եմ, որ այս պատմության մեջ վերջակետ կդնի ոստիկանության փորձագետների գնահատականը և ամեն ինչ կպարզվի, սակայն ակնհայտ է, որ ամեն դեպքում, ո՛չ իրենց զավակներին կորցրած ընտանիքներին դա հանգստություն կբերի, ո՛չ էլ Վարդան Պետրոսյանի խիղճը կհանգստանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել